Շոտլանդիան անկախության նոր հանրաքվե է ցանկանում

Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթարջենը հաջորդ շաբաթ դիմելու է շոտլանդական խորհրդարանին՝ Մեծ Բրիտանիայից անկախության նոր հանրաքվե անցկացնելու լիազորման խնդրանքով, հաղորդում է The Guardian-ը։

Ըստ Սթարջենի, հանրաքվեն կանցկացվի 2018-2019 թ. աշուն-գարուն ընկած ժամանակահատվածում, այսինքն՝ մինչեւ Բրեքզիթի գործընթացի ավարտը։

Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգում ունեցած իր ելույթում նախարարը մեղադրել է բրիտանական կառավարությանը՝ Մեծ Բրիտանիայի ԵՄ-ից դուրս գալու պայմանների շուրջ փոխզիջման հասնելու դժկամության մեջ։ Ավելի վաղ Շոտլանդիան խնդրել էր դիտարկել տարբերակը, ըստ որի այն կմնար միասնական եվրոպական շուկայում, նույնիսկ եթե Անգլիան, Ուելսն ու Հյուսիսային Իռլանդիան դուրս գային այդ շուկայից։

Սթարջենը կարծում է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը չի արգելափակի Շոտլանդիայում նոր հանրաքվեի անցկացումը:

2016-ի հունիսին կայացած հանրաքվեում բրիտանացիների 52 տոկոսը կողմ էր քվեարկել Բրեքզիթին: Շոտլանդիայում այդ որոշման կողմնակիցների տոկոսը ընդամենը 38 տոկոս էր։

2014 թ․ Շոտլանդիայում տեղի ունեցավ Մեծ Բրիտանիայից անկախանալու հանրաքվե։ Այնժամ շոտլանդացիների 55 տոկոսը քվեարկել էր Միացյալ Թագավորության կազմում մնալու օգտին։

Ենթադրվում է, որ Միացյալ Թագավորությունը մինչեւ 2017թ․ մարտի վերջը կսկսի ԵՄ-ից դուրս գալու պաշտոնական գործընթացը, որը կտևի մոտ երկու տարի։

Մեկնաբանել