Ադրբեջանը հայտարարում է, որ չի ճանաչում Աբխազիայում անցած ընտրությունները

Աբխազիայում կիրակի օրն անցկացվել են խորհրդարանական ընտրություններ։ Աբխազիայի բնակիչները ընտրել են յոթերորդ գումարման խորհրդարանը։ Ընտրություններին հետևել են դիտորդներ Ռուսաստանից, Մերձդնեստրից, Արցախի Հանրապետությունից, Դոնբասից։ Խորհրդարանում տեղերի թիվը 35 է, Աբխազիայում ընտրողների թիվը՝ 131,5 հազ․ մարդ։ Ընտրություններն անցկացվում են մեծամասնական ընտրակարգով, առաջադրվել է 137 թեկնածու։

Թբիլիսիի արձագանքը

Պաշտոնական Թբիլիսին, արձագանքելով Աբխազիայի ընտրություններին, կոչ է արել միջազգային հանրությանը դատապարտել կիրակի օրվա քվեարկությունը։ Ինչպես Վրաստանի քաղաքական գործիչները, այնպես էլ քաղաքացիական սեկտորի ներկայացուցիչները պնդում են՝ «Ռուսաստանի կողմից օկուպացիայի պայմաններում խոսել ընտրական գործընթացի լեգիտիմության մասին անտեղին է»։

Վրաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ մասնավորապես ասված է, որ «ինքնահռչակ Աբխազիայում» խորհրդարանական ընտրությունների անցկացումը «էթնիկ զտումները, ռազմական միջամտությունը, օկուպացիան և վրացական պետականության դեմ ռուսաստանյան ագրեսիայի արդյունքներն օրինականացնելու հերթական փորձ է»։

«Այսպես կոչված ընտրություններն անցկացվում են, երբ Ռուսաստանի Դաշնությունը չի կատարում 2008թ․ օգոստոսի 12-ի հրադադարի մասին համաձայնագրով ստանձնած պարտավորությունները և ռազմական ներուժի աճի խթանմանը զուգընթաց շարունակում է Վրաստանի գրավված տարածքների փաստացի բռնակցումը»,- ասված է Վրաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին իր հերթին քվեարկությունը որակել է «օկուպացիոն ռեժիմն օրինականացնելու փորձ»։

Ռուսաստանի գնահատականը

Ռուսաստանում մինչդեռ համոզված են, որ Աբխազիայում անցած խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը «համապատասխանել է միջազգային չափորոշիչներին և հանրապետության օրենսդրությանը»։ Այսպիսի հայտարարություն է արել Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ֊ի գործերի և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։

Ադրբեջանի հայտարարությունը

Աբխազիայում անցած ընտրությունների առնչությամբ հայտարարություն է արել նաև Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ նշելով, որ չի ճանաչում Աբխազիայի անկախությունն ու մարտի 12-ի խորհրդարանական ընտրությունները․ «Ադրբեջանի ԱԳՆ-ն համոզված է, որ անհրաժեշտ է շարունակել բանակցությունները աբխազական հարցի լուծման նպատակով՝ միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների համապատասխան»։

Նկատենք, որ Բաքվի հայտարարությունը երկրորդում է Վրաստանի ԱԳՆ-ի փետրվարյան հայտարարությանը, որով չէր ճանաչվում Արցախում անցած սահմանադրական հանրաքվեն։

«Վրաստանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի այսպես կոչված անկախությունը, համապատասխանաբար չի ճանաչում 2017թ․ փետրվարի 20-ին անցկացված այսպես կոչված հանրաքվեն և դրա արդյունքները: Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը գտնում է, որ պետք է շարունակվի երկխոսությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծման նպատակով միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների պաշտպանությամբ»,- ասված էր վրացական ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։ 

Փետրվարի 20-ին Արցախում անցած հանրաքվեին դիտորդություն իրականացնելու նպատակով Աբխազիայից ժամանել էին խորհրդարանի փոխխոսնակ Էմմա Գամիսոնիան և պատգամավորներ Ախրա Պաչուլիան ու Լևոն Գալուստյանը։

Աբխազիան անկախությունը հռչակել է 1990-ականներին։ Այն ճանաչված է չորս պետությունների՝ Ռուսաստանի, Վենեսուելայի, Նիկարագուայի և Նաուրուի կողմից։ Պաշտոնական Թբիլիսին շարունակում է Աբխազիան համարել վրացական տարածք։ Այս դիրքորոշումը կիսում են ՄԱԿ-ը, ԱՄՆ-ը և Եվրոպական միությունը։

 

Ստելլա Մեհրաբեկյան