Հայաստանում յուրաքանչյուր 10-րդ երեխան աշխատում է

Հայաստանում յուրաքանչյուր 10-րդ երեխան աշխատում է
5-17 տարեկան 52 000 երեխա 2015 թվականին աշխատել է

Ըստ Աշխատանքի միջազգային կազմակերպության «Երեխայի աշխատանքի 2015 թվականի ազգային հետազոտության»` Հայաստանում 5-17 տարեկան 100 երեխայից 10-րդն աշխատում է։ 52 000 երեխա 2015 թվականին աշխատել է , որոնց 67%-ը տղաներ են: 5-17 տարեկան 52 000 աշխատող երեխաներից 47 000-ը զբաղված են եղել գյուղատնտեսական, գերազանցապես` բերքահավաքի աշխատանքներում:

39 000-ից ավելի երեխաներ ներգրավված են եղել երեխաների համար արգելված համարվող աշխատանքներում: 31 000-ից ավելի երեխաներ զբաղված են եղել վնասակար աշխատանքներում։

Աշխատող երեխաների 3/4-ից ավելին աշխատել է առանց վարձատրության՝ որպես ընտանիքի աշխատող անդամ: Երեխաների աշխատելու հիմնական պատճառն ընտանեկան բիզնեսին, հատկապես գյուղմթերքի արտադրությանն օգնելն է:

2015 թվականին 5-17 տարեկան աշխատող 6 000-ից ավելի երեխաներ ստացել են վնասվածքներ՝ կապված աշխատանքի հետ (նրանցից 4 500-ը՝ տղաներ), 17 200-ը տեղափոխել են ծանր բեռներ (նրանցից 14 300-ը՝ տղաներ), 4 երեխայից 1-ն օգտագործել է վտանգավոր գործիք (դանակ, կացին):

Աշխատանքային օրենսգրքով
Մինչև 14 տարեկան քաղաքացիների հետ աշխատանքային պայմանագիր կնքելը կամ նրանց աշխատանքի ներգրավելն արգելվում է:

ՀՀ Աշխատանքային օրենսգիրքը երեխաների համար սահմանում է հետևյալ աշխատաժամանակը․
7-12 տարեկան՝ օրական մինչև 3 ժամ, բայց շաբաթը 6 ժամից ոչ ավելի
12-14 տարեկան՝ օրական մինչև 4 ժամ, բայց շաբաթը 12 ժամից ոչ ավելի
14-16 տարեկան՝ շաբաթական մինչև 24 ժամ
16-18 տարեկան՝ շաբաթական մինչև 36 ժամ

Դիանան 16 տարեկան է և աշխատում է Դիլիջանի սրճարաններից մեկում։ Նա պատմում է, թե ինչ է իրեն տալիս այս աշխատանքը և ինչու է ինքն աշխատում։

Աշխատել և սովորել
5-17 տարեկան երեխաների 11%-ը (48 200 երեխա) միաժամանակ և՛ աշխատում է, և՛ դպրոց է հաճախում, իսկ 3 700-ը (երեխաների 1%-ը) միայն աշխատում է։

Եթե քաղաքներում երեխաների 21%-ն է միաժամանակ աշխատում և դպրոց հաճախում, ապա քաղաքներում՝ 2%-ը։

Տվյալները վկայում են՝ չաշխատող երեխաները դպրոց ավելի բարձր հաճախելիություն ունեն, քան աշխատողները։

Ժաննա Ուլիխանյան

Մեկնաբանել