Լևոն Երանոսյան. Ջրառատի «աղավնին»

Փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի համար ամբողջ Հայաստանը Սարի թաղ է: Մարդը ամենուր, ինչպես՝ ձուկը ջրում է: Ամեն ընդդիմադիր՝ ատրճանակի մսացու:

Ինչպե՞ս վարվել, եթե Լևոն Երանոսյանը հրաժարական տալու նույնքան պատճառ ունի, որքան Սերժ Սարգսյանը՝ 2008-ից ի վեր: Ինչպե՞ս վարվել, երբ այս երկուսն իրար հանցագործություններ են «պաս» տալիս: Ի՞նչ անի քաղաքացին այսպիսի Հայաստանի հետ: Ովքե՞ր են այս մարդիկ և ովքեր ենք մենք: Ի դեպ, որտե՞ղ է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Տղե՛րք, կրկեսը՝ կրկես, բայց արյուն է թափվում: Կողմնորոշվե՛ք՝ կա՛մ գլադիատորներ եք, կա՛մ ծաղրածուներ: Թեպետ, ըստ իս, զուտ հայկական կրկեսն այն է, երբ Լևոն Երանոսյանը ծաղրածու է գլադիատորական արենայում: Թեպետ որպես ծաղրածու ավելի թանկ է նստում Հայաստանի Հանրապետության հեղինակության վրա, քան որպես մարդասպան:

Բոլորն են տեսնում, որ հրեշը, արյունարբուն այդ մարդու դեմքին է, բոլորն են կարդում, թե ինչպես են նրա աչքերը պատմում արյան ծարավի մասին: Բոլորն են տեսնում, որ այնտեղ աչքեր չկան: Լևոն Երանոսյանը ուրիշ հանցագործ է: Ենթադրում եմ՝ նույնիսկ Վլադիմիր Գասպարյանի արտիստական երևակայությունից վեր մի հանցագործ: Մարդը, վայ թե չի էլ հասցնում իր տեղակալին հրահանգել հերթական քաղաքացուն հաշմելու համար, Երանոսյանն անմիջապես առաջ է ընկնում: Մեկ էլ ե՞րբ ենք ունեցել այսպիսի Հայաստան 1991-ից ի վեր, երբ արյունարբուն պարզապես դուրս է գալիս փողոց ու մտքով անցածին հաշմում: Տղե՛րք, փակեք այդ մարդուն, ինքն էլ է մեղք: Գուցե կինը, երեխաները երդվյալ հավատացյալներ են, բայց ահ ունեն այդ մարդու հանդեպ և վախենում են ասել՝ սիրելի՛ ամուսին, սիրելի՛ հայրիկ, Աստծուց վախեցի՛ր:

Փակեք էդ մարդուն, թող հարազատությունը գոնե շունչ քաշի: Մենք էդքան անեծքի հայերեն չունենք, մեր մայրերն ու որդիները էդքան մահվան մարմին և էդքան ողբի արցունք չունեն: Փակեք էդ մարդուն գոնե նախընտրական այս շրջանում, տվեք Ռեինկարնացիայի ձեռքը, թող վերամարմնավորեն, գուցե ուրիշ մարդ տակից դուրս գա: Փակեք և մեզ ազատեք գոնե նրա նման վտանգավոր լինելու փորձանքից: Հիմա ամեն ինչ հնարավոր է: Մարդիկ տեսել են, թե ինչեր է մարսել Լևոն Երանոսյանը Սերժ Սարգսյանի ձեռքը բռնած: Մարդիկ տեսել են, թե ինչ մեդալներ ավելացան արնոտ աչքերով այդ մարդու համազգեստին: Ասում եմ ձեզ, Երանոսյանն ինքն է մեղք, չի կարելի էդ մարդուն դնել պատմության էջերում թուրք ենիչերիների հետ մի հարթության մեջ սահուն դիտարկվելու հարվածի տակ, խնայեք էդ մարդուն: Ինքը բազմաթիվ հանցագործություններ ուսած ունի:

Մյուս կողմից, ընկերներ, մի՛ զարմացեք, խնդրում եմ: Ինչ-որ ա՞յլ բան է տեղի ունեցել: Ձեր չափ ազատության մեջ գտնվող Երանոսյան Լևոնն ինչ-որ ա՞յլ բան պիտի աներ: Մարդն իրեն չի կեղծել: Մարդը հոգեբուժարանում փակված չէ, բանտում չէ, որևէ դատարան կամ քննչական մարմին նրանով չի զբաղվել: Մի խոսքով, Լևոն Երանոսյանը մաքուր է, ինչպես նրա զոհերը, ինչպես Սարի թաղի բոլոր հաշմվածները: Եվ ավելի մաքուր, քան՝ Սարի թաղի գործով ձերբակալված բոլոր անմեղ մարդիկ: Նրանք գոնե հանցագործ հռչակվելու դատական վճռի սպառնալիքի տակ են: Մի խոսքով, մեր հայրենակից Լևոնին փակի տակ պահող չկա, ընկերնե՛ր: Այլապես, ինչպե՞ս Հանրապետականն ու Սերժ Սարգսյանը հասկացնի, որ Հայաստան չկա: Չեն կարող դա անել առանց Երանոսյան Լևոնի:

Եթե Սերժ Սարգսյանը դեռ դրսում է, բոլոր հանցագործները անմեղ ու մաքուր են, ինչպես պոետի գրչի տակի սպիտակ թուղթը, նույնիսկ դատապարտված հանցագործը, մարդասպանը մաքուր է, քանի դեռ Սերժ Սարգսյանը դրսում է, որովհետև հանցագործը նրա համար հաշիվ է, քաղաքացին՝ ոչ: Քաղաքացին կիմաստավորվի, եթե պատրաստ լինի դառնալ քրեական: Այս մասին բոլորը պետք է մտածեն: Այլապես ձեր կարծիքով որտեղի՞ց են ծլում այն երիտասարդները, որոնք «ղրդաբով» անդամագրվում են ՀՀԿ-ին: Նրանք մտածողներն են, նրանք Լևոն Երանոսյանի խաղաղությունն են: Այսինքն, նրա արնոտ աչքերից ապահովագրվածները: Նրանք վախեցածներն են: Սա կատակելու թեմա չէ: Լևոն Երանոսյանի հետ պետք է հաշվի նստել, քանի դեռ դուրսն ու ներսը միմյանցից չեն տարբերվում, քանի դեռ հանցագործը դրսում է, իսկ, ասենք, Շանթ Հարությունյանը՝ ներսում:

Մեկնաբանել