Սերժ Սարգսյանն ասում է՝ հայկական կողմը «պատրաստ է համաչափ պատասխան տալ նոր պատերազմ սկսելու ցանկացած փորձի»

Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հյուրընկալվել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում: Իր ելույթում ՀՀ նախագահը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների, ՀԱՊԿ-ի, ղարաբաղյան հիմնախնդրի և այլ հարցերի մասին։ Անդրադառնալով ՀԱՊԿ-ին՝ Սարգսյանը շեշտել է, որ պայմանագրերը պետք է լիարժեքորեն պահպանվեն և կատարվեն, «այլ ոչ թե ընտրողաբար՝ կախված իրավիճակից»: Ղարաբաղյան հակամարտության մասով ՀՀ նախագահն ասել է, որ հայկական կողմը «պատրաստ է համաչափ պատասխան տալ նոր պատերազմ սկսելու ցանկացած փորձի, սակայն պատերազմը խնդրի լուծման միջոց չէ, բանակցություններին այլընտրանք չկա»: Սերժ Սարգսյանի ելույթից որոշ հատվածներ՝ ստորև։

ՀԱՊԿ-ի մասին

ՀԱՊ-ի շրջանակում դեռևս 2000 թվականին ընդունվել է հայտարարություն, որտեղ հստակ արձանագրված է. «Պայմանագրի անդամ երկրների միջև ռազմաքաղաքական հարաբերությունները կրում են առաջնային բնույթ` Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի անդամ չհանդիսացող երրորդ երկրների հետ ռազմական կապերի և շփումների համեմատ»: Այսինքն՝ այստեղ ամեն ինչ հստակ ուրվագծված է, ընդգրկված է հարցերի ողջ շրջանակը` քաղաքական հայտարարություններից մինչև ռազմական համագործակցություն:

Շարունակելով այս թեման` չեմ կարող չնշել, որ վերոհիշյալ սկզբունքի խախտումը չի նպաստում Կազմակերպության հեղինակության բարձրացմանը: Պայմանագրերը պետք է լիարժեքորեն պահպանվեն և կատարվեն, այլ ոչ թե ընտրողաբար՝ կախված իրավիճակից:

Նախորդ տարի ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունների մշակման ընթացքում մենք առաջնորդվում էինք դաշնակցային փոխգործակցության և շարունակականության սկզբունքներով Կազմակերպության հետագա զարգացման անհրաժեշտությամբ` հաշվի առնելով համաշխարհային և տարածաշրջանային անվտանգության արդի մարտահրավերները:

Հենց այս մտայնությամբ մենք մեզ համար սահմանեցինք հավակնոտ նպատակ` ավարտին հասցնել մինչև 2025 թվականը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության ռազմավարության մշակման աշխատանքները, և դա մեզ հաջողվեց: Անցյալ տարվա հոկտեմբերին Երևանում ընդունված ՀԱՊԿ ռազմավարությունում ամրագրվեցին Կազմակերպության զարգացման հետագա ուղենիշները համագործակցության բոլոր հիմնական ուղղություններով: Կարևոր է նաև այն, որ Կազմակերպության երևանյան գագաթնաժողովում պետությունների ղեկավարների կողմից ընդունվեց հայտարարություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրման անթույլատրելիության վերաբերյալ:

Արցախի մասին

Անվտանգության հարցերը Հայաստանի համար շարունակում են մնալ խիստ արդիական:

Մինչև 2016 թվականը մեր գործընկերները մեզ համոզում էին, որ, պատերազմական քարոզչություն և հակահայկական հիստերիա տարածելով, Բաքուն լուծում է սեփական ներքաղաքական խնդիրները:
2016 թվականի ապրիլին Ադրբեջանի կողմից սանձազերծված քառօրյա ռազմական արկածախնդրությունը Լեռնային Ղարաբաղի դեմ դարձավ Բաքվի հենց այդ երկարամյա ռազմատենչ հռետորաբանության և քաղաքականության մարմնավորումը՝ ի հակադրություն իր հողում սեփական ճակատագիրն ազատ տնօրինելու Արցախի ժողովրդի ցանկության:

Ապրիլյան պատերազմին հաջորդած՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներին հստակ ամրագրվել է 1994-1995 թվականների հրադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրերի անվերապահ իրականացման անհրաժեշտությունը: Բացի այդ, ձեռք է բերվել պայմանավորվածություն հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմների ստեղծման և ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացման վերաբերյալ: Այդուհանդերձ, Ադրբեջանը, ինչպես և անցյալում, խուսափում է այդ պայմանավորվածությունների կատարումից:

Հայաստանը՝ որպես Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավոր, ստիպված է ջանքեր գործադրել տարածաշրջանում հավասարակշռության պահպանման և նոր լարվածություն թույլ չտալու նպատակով: Դրա հետ մեկտեղ, մենք պատրաստ ենք համաչափ պատասխան տալ նոր պատերազմ սկսելու ցանկացած փորձի: Պատերազմը խնդրի լուծման միջոց չէ՛: Բանակցություններին այլընտրանք չկա:

Հայաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի հետ միասին կշարունակի ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ: