Ալիևը Փարիզում խոսել է բանակցությունների շուտափույթ վերսկսման անհրաժեշտության մասին

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները պետք է շուտափույթ վերսկսվեն․ երեկ Փարիզում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ մամուլի ասուլիսին հայտարարել է պաշտոնական այցով Ֆրանսիայում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Կրկնելով բազմիցս հնչեցրած միտքը, որ ստատուս քվոն անընդունելի է, Ալիևը Հայաստանին հերթական անգամ մեղադրել է «բանակցություններից խուսափելու մեջ»։

«Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի նախագահները բազմիցս հայտարարել են, որ ստատուս քվոն անընդունելի է։ Մենք նույն բանն ենք ասում, ցանկանում ենք ստատուս քվոյի անհապաղ փոփոխում և հակամարտության դադարեցում»,- նշել է Ադրբեջանի նախագահը։

Բանակցությունների վերսկսման կոչ է արել նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։ Նա նույնպես հաստատել է ստատուս քվոյի փոփոխության անհրաժեշտությունը։

«Կա վտանգ, և մենք դրանում համոզվեցինք անցյալ տարվա ապրիլին, երբ տեղի ունեցավ միջադեպը»,- ասել է Օլանդը՝ ցանկություն հայտնելով, որ Մինսկի խմբի մյուս համանախագահներ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը ներդրում ունենան բանակցությունների վերսկսման գործընթացում։

Ինչպես հաղորդում է Nouvelles D’arménie կայքը, Ալիևի դեմ Ֆրանսիայի մի շարք քաղաքներում՝ Փարիզում, Լիոնում, Մարսելում, անցել են բողոքի ակցիաներ՝ #StopAliyev կոչով։