Էրդողանը Նիդեռլանդներին մեղադրել է Սրեբրենիցայի ջարդերն իրականացնելու մեջ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է խթանել ջանքերը ռասիզմի, իսլամատյացության, օտարատյացության դեմ միջազգային հարթակներում, հատկապես Իսլամական համագործակցության կազմակերպությունում։ Թուրքիայի նախագահի այս հայտարարությունը հնչում է թուրք-եվրոպական հարաբերությունների լարվածության ֆոնին։

«Այս խնդիրը միայն Թուրքիայինը չէ։ Իր կեղտոտ երեսը ցույց տվող ֆաշիզմը բացասաբար է անդրադառնում Եվրոպայում ապրող մուսուլմանների ու օտարեկրացիների վրա»,- երեկ հայտարարել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահն իր կոշտ հայտարարություններում էլ ավելի է առաջ անցել՝ Նիդեռլանդներին մեղադրելով «Երկրորդ աշխարհամարտից ի վեր Եվրոպայի ամենասարսափելի ոճիրի՝ Սրեբրենիցայի ջարեդրի մեջ»։

«Անգամ պատերազմի ժամանակ չի կարելի կրակ բացել բժշկական անձնակազմի վրա, սակայն եթե դուք նիդեռլանդացիների պես եք, դուք կարող եք այդպես վարվել, քանի որ մենք շատ լավ գիտենք Նիդեռլանդներն ու նիդեռլանդացիներին Սրեբրենիցայի ոճիրից։ Մենք ճանաչում ենք նրանց փտած բնույթը այն բանից, թե ինչպես կոտորեցին 8000 բոսնիացու»,- ասել է Էրդողանը և, ինչպես բազմաթիվ անգամներ, նախազգուշացրել, որ «ոչ ոք չպետք է իրենց քաղաքակրթության դասեր տա»։

Ամստերդամի հասցեին այս մեղադրանքների տարափը հետևել է հանգստյան օրերին տեղի ունեցած միջադեպին, երբ թուրք երկու նախարարների արգելվել է մուտք գործել Նիդեռլանդներ՝ քարոզարշավ իրականացնելու նպատակով։ Նիդեռլանդացիներին անվանելով նացիստներ և ֆաշիստներ՝ պաշտոնական Անկարան կասեցրել է այդ երկրի հետ դիվանագիտական հարաբերությունները։

Ավելին, Թուրքիան սպառնացել է Նիդեռլանդների դեմ պատժամիջոցներ սահմանել։ Անկարան անգամ պատրաստ է վերանայել ներգաղթյալների վերաբերյալ համաձայնագիրը ԵՄ-ի հետ, որի շուրջ տևական բանակցություններ են ընթացել։ Համաձայնագրով ԵՄ-ն խոստացել է Թուրքիային տրամադրել անայցագիր ռեժիմ։ Ինչպես հայտարարել է ԵՄ-ի հետ կապերի հարցերով նախարար Օմեր Չելիքը, Թուրքիան կատարել է իր պարտավորությունները, մինչդեռ ԵՄ-ն ձախողել է խոստումների կատարման հարցում։ Չելիքի խոսքով Թուրքիան իրեն իրավունք է վերապահում վերանայել համաձայնագիրը։ Ինչ վերաբերում է նիդեռլանդացի ներդրողներին, ապա նրանք, ըստ Չելիքի, վտանգված չեն․ Անկարայի թիրախը կառավարությունն է, «այլ ոչ թե ժողովուրդն ու բիզնեսը»։

Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն, արձագանքելով Էրդողանի հայտարարություններին, ասել է, որ նա շարունակում է «սրել իրավիճակը»՝ հավելելով, որ Սրեբրենիցայի մեղադրանքները «պատմական զզվելի կեղծիք են»։

«Էրդողանի տոնը ավելի ու ավելի հիստերիկ է դառնում ոչ միայն ընդդեմ Նիդեռլանդների, այլև Գերմանիայի։ Մենք այդ մակարդակի չենք իջնի, այժմ առերեսվել ենք տխմար մի  փաստի․․․ Դա բացարձակապես անընդունելի է»,- հոլանդական RTL Nieuws ալիքին ասել է Ռյուտեն։

Ապրիլի 16-ին Թուրքիայում կայանալու է սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, որով երկիրը խորհրդարանականից անցում կկատարի նախագահական կառավարման համակարգի։ Հավանության դեպքում այդ փոփոխությունները նախագահին կընձեռեն նոր լիազորություններ՝ նրան թույլ տալով ձևավորել նախարարների կաբինետը, նախապատրաստել բյուջեն, ընտրել դատավորների մեծ մասին և օրենքներ սահմանել հրամանների միջոցով։ Նախագահը նաև հնարավորություն կունենա արտակարգ դրություն հայտարարել և լուծարել մեջլիսը։ Առաջիկա հանրաքվեում կարևոր են լինելու նաև ԵՄ-ում ապրող Թուրքիայի քաղաքացիների ձայները։

Ներքաղաքական թեժ շրջան է նաև Նիդեռլանդներում․ այսօր այնտեղ խորհրդարան են ընտրում։ Ինչպես գրում է BBC-ն, հղում անելով փարձագետներին, քվեարկությունը լինելու է քաղաքացիների ազգայնական տրամադրությունների փորձաքար և ցույց կտա, թե որքանով է երկրում ամրապնդվել պոպուլիզմը։

Սրեբրենիցայի ջարդերի մասին

Սրեբրենիցայի ջարդեր (սերբ.՝ Масакр у Сребреници, հաճախ անվանում են նաև Սրեբրենիցայի ցեղասպանություն), 1991- 1995 թթ․ Հարավսլավիայում տեղի ունեցած քաղաքացիական պատերազմի ամենազարհուրելի իրադարձություններց մեկը: Այն ամենաարյունալի իրադարձությունն է Բոսնիական պատերազմի ժամանակ:

Սրեբրենիցան, որը ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի կողմից 1993թ․ ապրիլին հայտարարվել էր «անվտանգության գոտի», գրավվել է բոսնիացի սերբերի կողմից 1995 թվականի հուլիսի 11-ին:

Հարավսլավիայի հարցերով միջազգային տրիբունալը պարզել է, որ սպանվել է 7000- 8000 մուսուլման բոսնիացի չափահաս տղամարդ: Սպանությունները իրականացրել էին Սերբական Հանրապետության բանակի զինվորները` գեներալ Ռատկո Մլադիչի գլխավորությամբ: 2003թ․ խաղաղ բոսնիացիների կոտորածի ողջ պատասխանատվությունը իր վրա վերցրեց Բոսնիայի և Հերցեգովինայի սերբական հանրապետությունը։ 2010թ. Սերբիայի խորհրդարանը դատապարտեց ջարդերը։

2007թ. հունվարին միջազգային տրիբունալը սերբերի գործողությունները որակեց որպես «ցեղասպանություն» (Սրեբրենիցայի ցեղասպանութուն, բոս․՝ Genocid u Srebrenici): Իր հերթին 2009թ. ԵԽ-ն հուլիսի 11-ը հռչակեց «Սրեբրենիցայի ցեղասպանության հիշատակի օր»:

 

Ստելլա Մեհրաբեկյան