Պոլսի պատրիարքի տեղապահի ընտրությունում Բեկչյանը հաղթել է Աթեշյանին, թուրքական իշխանությունները միջամտել են

Մարտի 15-ին, հոգևորականության քվեարկության արդյունքում Պոլսի պատրիարքի տեղապահ է ընտրվել Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ, պոլսահայ Գարեգին արք․ Բեկչյանը։ Նա ձայների ընդհանուր թվով առաջ է անցել պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արք․ Աթեշյանից, հաղորդում է «Ակօսը»։

Տեղապահի ընտրությունն առաջին քայլն է պատրիարքի ընտրության ճանապարհին։ Տեղապահն է, որ ստանձնում է պատրիարքի ընտրությունների կազմակերպման գործընթացը։ Նախատեսված է, որ տեղապահի ընտրություններից հետո ընդհանուր փոխանորդ Արամ արք․ Աթեշյանը պետք է հրաժարական տա։

Սակայն անսպասելի զարգացում է տեղի ունեցել։ Բեքչյանի ընտրվելուց հետո Աթեշյանը մամուլի ներկայացուցիչներին է բաժանել Ստամբուլի նահանգապետարանի հայտարարությունը, ըստ որի՝ ընտրությունների գործընթացն օրինական չէ։ Նահանգապետարանը դա պատճառաբանում է հայ համայնքի տարաձայնություններով և այն փաստով, որ պատրիարքի ընդհանուր փոխանորդը մինչ ընտրությունները հրաժարական չի տվել։ Գարեգին Բեկչյանը հայտարարել է, որ պատվիրակություն է գնացել նահանգապետարան և առաջիկայում հարցը կպարզվի։

Պոլսահայ իրավաբան, պատրիարքական ընտրությունների հարցում խորագիտակ Սեպուհ Ասլանգիլն արդեն շտապել է հայտարարել, որ անօրինական է հենց նահանգապետարանի հայտարարությունը։ Պոլսում Ստամբուլի նահանգապետարանի հայտարարությունը դիտում են որպես իշխանությունների միջամտություն և իրենց ցանկալի թեկնածու Աթեշյանի պաշտպանություն։ Հարց է ծագում՝ ինչու՞ Աթեշյանը նախապես չէր հայտնել նահանգապետարանի գրության մասին։

Ավելի վաղ թեկնածուների թվում էր նաև եպիսկոպոս Սահակ Մաշալյանը, սակայն նա հանել էր իր թեկնածությունը՝ հօգուտ Գարեգին արք․ Բեկչյանի։ Տեղապահի ընտրությունից հետո նախատեսվում էր վեց ամսվա ընթացքում կատարել նաև պատրիարքի ընտրությունը, որի գահը թափուր է 2008-ից։

Գոռ Երանյան

ՍիվիլՆեթի՝ ստորև ներկայացված ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչու երկար տարիներ պատրիարքի ընտրություն չի անցկացվում, և թե ում է ձեռնտու այդ վիճակը։

Մեկնաբանել