ԱՄԷ քաղաքացիները Հայաստան կգան առանց մուտքի արտոնագրի

Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիները կազատվեն Հայաստանի Հանրապետության մուտքի արտոնագրի պահանջից։ Այս հարցն ընդգրկված է կառավարության մարտի 16-ի նիստի օրակարգում։

Նման նախաձեռնությամբ հանդես գալու հիմնավորման մեջ նշվում է այն, որ վերջին տարիներին ԱՄԷ-ից Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվն ավելացել է, ու հետաքրքրությւոն կա ավելացնելու ԱՄԷ-Հայաստան չվերթների քանակը։

«Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ՀՀ այցելող Ծոցի տարածաշրջանի երկրների քաղաքացիների գերակշռող մասը կազմում են ԱՄԷ քաղաքացիներ, ովքեր արդեն իսկ նկատելի հետաքրքրություն են ցուցաբերում զբոսաշրջության, անշարժ գույքի, գյուղատնտեսության, առողջապահության ոլորտներում ներդրումներ կատարելու ուղղությամբ՝ նպատակահարմար է միակողմանիորեն վերացնել ԱՄԷ քաղաքացիների համար ՀՀ մուտքի արտոնագրի պահանջը: Այս քայլը լրացուցիչ խթան կհանդիսանա առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության հետագա խթանման համար»,- նշված է կառավարության որոշման մեջ։

Հայաստանի կառավարությունը հունվարի 19-ի նիստում հավանություն էր տվել Արաբական Միացյալ Էմիրությունների հետ քաղաքացիների մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը։

Կառավարությունն ավելի վաղ հավանություն էր տվել Դուբայում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն ստեղծելու նախագծին:

Լուսանկարը՝ Դավիթ Հակոբյանի Ինստագրամի էջից

Մեկնաբանել