Ռուսաստանը կօգնի, երբ Անկարան ու Երևանը նստեն բանակցությունների սեղանի շուրջ․ Լավրով

Երբ Երևանն ու Անկարան նստեն բանակցությունների սեղանի շուրջ, Ռուսաստանը պատրաստ կլինի նրանց ցուցաբերել ամենագործուն աջակցությունը․ Regional Post – Caucasus հայկական ամսագրին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Հարցազրույցը հրապարակված է ՌԴ ԱԳՆ-ի կայքում։

Հարցադրմանը, որ հայ-թուրքական սահմանի՝ փակ լինելու պայմաններում Թուրքիայի և Եվրասիական տնտեսական միության միջև սահմանը փաստացիորեն փակ է, կարո՞ղ է արդյոք Ռուսաստանը այդ հարցում դրական դեր խաղալ, Լավրովը պատասխանել է, որ Ռուսաստանը կարևոր դեր է խաղացել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների ապասառեցման գործում գործընթացի ակտիվ փուլում՝ 2007-2009թթ․։ Նա մատնանշում է 2009թ․ Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները։

Լավրովի խոսքով՝ ռուսաստանյան կողմը միայն կողջունի, եթե ԵՏՄ-ի արտաքին սահմանի հայ-թուրքական հատվածը բացվի մարդկանց, ապրանքների, ծառայությունների ազատ տեղաշարժի համար․ դա շահավետ կլինի ամբողջ տարածաշրջանի համար։

Կարգավորման գործընթացը, ցավոք, հետագայում կանգնեց, նշում է Լավրովը՝ սկզբունքորեն կարևոր համարելով, որ կողմերը պայմանավորվելու կարողություն ցուցաբերեցին։

«Վստահ եմ՝ Հայաստանն ու Թուրքիան ունակ են կարգավորել առկա խնդիրները։ Ընդ որում, շատ բան կախված է իրենցից։ Չէ՞ որ քաղաքական գործիչների որակները որոշվում են ոչ միայն օբյեկտիվ դժվարությունների իրատեսական վերլուծության խորությամբ, այլև լավատես լինելու կարողությամբ՝ իրենց քաղաքացիների հույսերն ու ձգտումները կյանքի կոչելու համար։ Երբ Երևանն ու Անկարան նստեն բանակցությունների սեղանի շուրջ, Ռուսաստանը պատրաստ կլինի նրանց ցուցաբերել ամենագործուն աջակցությունը»,- ասել է Լավրովը։

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել