ՕՐՕ-ն՝ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի թիրախում

Իշխանական լրատվամիջոցների, ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի շրջապատի կողմից աջակցություն ստացող կառուցողական ընդդիմության հարձակումները կարծես հաստատում են օդում կախված այն պնդումներն ու ենթադրությունները, որ գործող վարչակարգի համար ապրիլի 2-ի քվեարկության ընթացքում և դրան հաջորդող ժամանակահատվածում հիմնական մարտահրավերը գալու է ՕՐՕ-ից՝ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքից։

Ովքե՞ր են ՕՐՕ-ականները։

Եթե կարճ, ապա այս դաշինքը կազմված է երկու նախկին արտգործնախարարների, երկու նախկին սփյուռքահայերի՝ Րաֆֆի Հովհաննիսյանի ու Վարդան Օսկանյանի հիմնադրած «Ժառանգություն» և «Համախմբում» կուսակցություններից՝ գումարած պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, ով դաշինքի ղեկավարն է։

Շատերի համար հարց է և լեգիտիմ հարց՝ Սեյրան Օհանյանը ինչպե՞ս կարող է լինել իրական ընդդիմություն, երբ նա ընդամենը ամիսներ առաջ պաշտպանության նախարարն էր, իսկ ավելի վաղ անգամ համարվում էր, որ Սերժ Սարգսյանը հենց նրան է վստահելու նախագահի աթոռը, իսկ ինքը՝ հայ ժողովրդի վզին փաթաթելով կեղծված հանրաքվեով այս Սահմանադրությունը, ինչ-որ կարգավիճակով մնալու է իշխանության մեջ և ավելին՝ գուցե հետնաբեմից, ղեկավարելու է երկիրը, ինչը հարևան Վրաստանում անում է Բիձինա Իվանիշվիլին։

Իրականում, սակայն, Սեյրան Օհանյանի և Սերժ Սարգսյանի միջև տեղի է ունեցել բախում։ Պատճառներից մեկը, հավանաբար՝ գլխավորը, Ապրիլյան պատերազմն էր։ Բարձրաստիճան զինվորականների շրջանում կան կասկածներ, որ Քառօրյա պատերազմի մասին Հայաստանի քաղաքական ղեկավարությունը եղել է տեղեկացված։ Կան ավելի խորը կասկածներ և համոզմունք, ոչ միայն զինվորականների շրջանում, որ Ապրիլյան պատերազմի հետևում պետք է տեսնել Մոսկվայի թաքուն ձեռքը, որը, Ադրբեջանին «դաբրո» է տվել դիմելու բլից կրիգի, որի մասին իբր տեղեկացված են եղել Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը, և սակայն այն ձախողվել է հայ զինվորների և միջին հրամանատարական կազմի անվեհերության և տասնյակ զոհերի հաշվին։

Ապրիլյան պատերազմը մնալու է մութ էջ հայոց նորագույն պատմության մեջ, ինչպես մութ են մնացել 1991-1994 թթ․ պատերազմի ժամանակվա մի շարք ցավալի դրվագներ՝ Գետաշեն, Արծվաշեն, Մարտակերտ, 94-ի Հորադիզի արյունոտ ձմեռ․․․

Սեյրան Օհանյանի անունը կապվում է նաև Մարտի 1-ի հետ, քանի որ հենց նա ունեցավ ելույթ՝ արդարացնելով բանակի միջամտությունը քաղաքական գործընթացին։ Սա, անկասկած, առաջիկա շաբաթներին ավելի է շրջանառվելու։ Այստեղ, սական, կա մի մեծ ԲԱՅՑ։ Մարտի 1-ի հիմնական պատասխանատուները երկուսն են՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, ովքեր իշխանության ժառանգությունը ապահովեցին արյան ճանապարհով։

Մարտի 1-ի համար, անշուշտ, իրենց չափով, պատասխանատու են և՛ Օհանյանը, և՛ Վարդան Օսկանյանը, և՛ մյուսները, սակայն, կրկնենք, որ հիմնական պատասխանատուները երկրորդ և երրորդ նախագահներն են։ Պետք է նաև նկատել, որ Մարտի 1-ի թիվ 2 պատասխանատու Սերժ Սարգսյանի շրջապատի կողմից են անդադար մեղադրական սլաքներ ուղղվում Օսկանյանի, իսկ վերջին շրջանում՝ նաև Օհանյանի դեմ։ Դա արվում է ոչ միայն Օսկանյանին ու Օհանյանին վարկաբեկելու, այլև Սերժ Սարգսյանի վրայից պոկելու Մարտի 1-ի ոճրագործության պատասխանատվությունը։

Պատմական կտրվածքով, սակայն, դա անհեռանկար մարտավարություն է, քանի որ պատմությունը արձանագրել է, որ Սերժ Սարգսյանը իր վաղեմի գործընկեր Ռոբերտ Քոչարյանի օգնությամբ Բաղրամյան 26 է հասել Մարտի 1-ի արյան ճանապարհով։

Ուշագրավ է Ռոբերտ Քոչարյանի կապը ՕՐՕ-ի հետ։ Այստեղ էլ ամեն բան սև ու սպիտակ չէ։ Ակնհայտ է, և դա Վարդան Օսկանյանը չի թաքցնում, որ նա շարունակում է շփումներ ունենալ Քոչարյանի հետ։ Նույնքան ակնհայտ է, որ Քոչարյանը տանել չի կարողանում և ատում է Րաֆֆի Հովհաննիսյանին ու Սեյրան Օհանյանին։ Ատելությունն ու անհադուրժողականությունը Քոչարյանի բնավորության իշխող գծերից են։

Արդյոք Քոչարյանը երևո՞ւմ է ՕՐՕ-ի հետևում։ Կարծում եմ՝ ոչ։ Քոչարյանը, հավանաբար, կցանկանար վերադառնալ, սակայն նա զգում է, որ բացարձակապես անընդունելի կերպար է։ Քոչարյանը կփորձի վերադառնալ, եթե 100, կրկնում եմ՝ 100 տոկոսով վստահ լինի, որ դա հաջողվելու է։ Քոչարյանի համար էական չէ՝ վերադարձի ճանապարհը ՕՐՕ-ն է, թե նույն իր երկար տարիների հավատարիմ ընկեր Սերժ Սարգսյանը։ Նրա համար կարևորը հաջողության 100 տոկոսանոց երաշխիքն է։

ՕՐՕ-ին աջակցում է Արցախյան հաղթական պատերազմ կերտողներից Սամվել Բաբայանը, որը Հայաստանում միանշանակ ընկալում չունի։ Ինչպես պնդել է Լևոն Տեր-Պետրոսյանը, 1993-ին ինքը Սերժ Սարգսյանին Մոսկվայից է բերել Երևան և նշանակել պաշտպանության նախարար, քանի որ «Սերժ Սարգսյանը աքսորված էր»։ Հենց Սամվել Բաբայանի հետ ունեցած հակասությունների պատճառով էր, որ Սերժ Սարգսյանը ստիպված էր եղել մի քանի ամսով հեռանալ Արցախից։ Բայց պետք է նաև հասկանալ, որ 1993-ի ամենազոր Սամվել Բաբայանն ու 2017-ի Սամվել Բաբայանը բոլորովին այլ կշիռ ունեն։ Ու նաև հարց է՝ երբ Բաբայանը հրապարակավ աջակցում է ՕՐՕ-ին, դա այս դաշինքի համար ավելի լա՞վ է, թե՞ վատ։

ՕՐՕ-ին մաս կազմող «Համախմբումը» նորաստեղծ է և առաջին անգամ է մասնակցում համապետական ընտրությունների։ Կուսակցության հիմնադիր Վարդան Օսկանյանը առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք զբաղեցրել է փոխարտգործնախարարի պաշտոնը՝ վարելով ղարաբաղյան բանակցությունները։ Օսկանյանի հարաբերությունները Քոչարյանի հետ մոտ են, Սերժ Սարգսյանի հետ՝ բարդ։ Վերջինս չներեց Օսկանյանի դուրս գալը համակարգից և նրա ընդդիմադիր գործունեությունը, և անձամբ Օսկանյանի ու նրա Սիվիլիթաս հիմնադրամի դեմ փողերի լվացման շինծու գործ սարքեց։

Րաֆֆի Հովհաննիսյանը 2013թ․ նախագահական ընտրությունների փաստացի հաղթողն է, սակայն Մարտի 1-ով իշխանության եկած Սերժ Սարգսյանը նրա ձեռքից խլեց հաղթանակը։ «Ժառանգություն» կուսակցությունը նախկին երկու՝ 2007-ի և 2012-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցել և հաղթահարել է 5 տոկոսի շեմը։

ՕՐՕ-ի համամասնական ցուցակում Հովհաննիսյանը 11-րդն է, նա իր 2-րդ տեղը զիջել է Արմեն Մարտիրոսյանին, ով իշխող վարչակարգի դեմ քաղաքացիական, փողոցային պայքարի հարուստ փորձ ունի՝ սկսած Մարտի 1-ից։

Մեկնաբանել