Հաց բերողը մահացավ

Այսօր «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Հաց բերողը՝ Արթուր Սարգսյանը։ ՍիվիլՆեթի հետ զրույցում կենտրոնի բուժական գծով տնօրեն Արսեն Գրիգորյանը նշեց, որ Արթուր Սարգսյանը մի քանի օր առաջ ինքնակամ լքել էր հիվանդանոցը, գնացել էր տուն։ Սակայն երեկ ծանր վիճակով՝ աճուկային ճողվածքի բորբոքմամբ տեղափոխվել է կրկին կենտրոնի վերակենդանացման բաժանմունք։

Սարգսյանին երեկ վիրահատել են, այսօր, սակայն, նա ուշքի չգալով՝ մահացել է։

***

Արթուր Սարգսյանը, որը մեղադրվում էր 2016թ․ հուլիսի 17-ին Էրեբունու ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված Սասնա ծռեր խմբավորմանը օժանդակելու մեջ, կալանավորել էր օգոստոսի 2-ին։ Այնուհետև պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդության պատճառով խափանման միջոցը փոխվել էր և ազատ էր արձակվել դեկտեմբերի 31-ին: Սակայն Սարգսյանին կրկին կալանավորել էին փետրվարի 9-ին։ Նա հաջորդ օրը հացադուլ էր հայտարարել։ Հացադուլի հետևանքով Հաց բերողի մոտ առողջական ծանր խնդիրներ էին առաջացել։ Նրա խափանման միջոց կալանավորումը երաշխավորության դիմաց փոխվել էր, և նա դատապարտյալների հիվանդանոցից տեղափոխվել էր «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն։ 

Մարտի 7-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում ՍիվիլՆեթին տված բացառիկ հարցազրույցում Արթուր Սարգսյանն ասել էր, որ շարունակելու է պայքարը, այն լինելու է ավելի կտրուկ և թեժ։

«Եթե կալանքը չփոխվեր, հացադուլը շարունակելու է մինչև վերջ»,- հայտարարել էր Հաց բերողը։

Իր անելիքների մասին Արթուրն ասել էր, որ առաջին քայլը լինելու է «վիժեցնել ապրիլի 2-ի ընտրություները, որոնք այսօրվա իշխանությունները հայտարարել են որպես հաղթանակի և ընտրությունների օր»։

Փետրվարին Արթուր Սարգսյանի եղբայրը՝ Արսենը, ՍիվիլՆեթի տաղավարում ասել էր, որ եղբայրը հացադուլով գնում է ինքնասպանության։