Մարտի 16-ին «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Հաց բերողը՝ Արթուր Սարգսյանը։ Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սուրեն Մակարյանը լրատվամիջոցներին ասել է, որ մահվան նախնական պատճառը սիրտ-անոթային սուր անբավարարություն է։ Արթուր Սարգսյանը գիշերը շտապօգնության մեքենայով բերվել էր հիվանդանոց և վիրահատության ենթարկվել, սակայն ուշքի չգալով՝ մահացել է։ Նույն օրը՝ երեկոյան, տասնյակ քաղաքացիներ ի հիշատակ Հաց բերողի բողոքի ցույց արեցին Ազատության հրապարակում և երթով շարժվեցին դեպի Գլխավոր դատախազություն։ Առաջիկա ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը, մասնավորապես, «Ծառուկյան» և «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքները, հայտարարեցին քարոզարշավն այսօր՝ մարտի 17-ին, դադարեցնելու մասին։ ՍիվիլՆեթը հետևում է Հաց բերողի մահվան շուրջ ծավալվող իրադարձություններին՝ հետադարձ ժամանակագրությամբ։
ՄԱՐՏԻ 17
ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ՝ բժշկական կենտրոնում Արթուր Սարգսյանի մահվան դեպքի առթիվ։ Հաղորդագրությունը՝ ստորև։
Երևան քաղաքի բնակիչ, 1968թ. ծնված Արթուր Սարգսյանը 2017թ. մարտի 15-ին՝ ժամը 18:50-ին, «սպիտակ գծի օղակված ճողվածք» ախտորոշմամբ ընդունվել է «Արմենիա» բժշկական կենտրոն և ենթարկվել վիրահատության, որից ժամեր անց նույն բժշկական կենտրոնում արձանագրվել է նրա կենսաբանական մահը՝ սիրտ-անոթային անբավավարություն, բազմօրգանային անբավարարություն, թոքերի տոտալ այտուց ախտորոշմամբ:
Նկատի ունենալով, որ նյութերում առկա են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ենթադրյալ ոչ պատշաճ կատարելու հետևանքով բուժվող հիվանդին անզգուշությամբ մահ պատճառելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով:
ՀՀ ՔԿ նախագահի հանձնարարությամբ ստեղծվել է քննչական խումբ, մշակվել է քննչական պլան։ Արսեն Սարգսյանը ճանաչվել է տուժողի իրավահաջորդ։
Արթուր Սարգսյանի մահվան պատճառները պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի կատարմանը հնարավորություն կտրվի մասնակցելու տուժողի իրավահաջորդին և նրա ներկայացուցիչներին։ Տուժողի իրավահաջորդը և նրա ներկայացուցիչները միջնորդել են նախաքննական մարմնին փորձաքննությանը ներգրավել նաև միջազգային փորձագետներին։ Միջնորդությունը բավարարվել է, և ներկայումս քննարկվում է տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչների վկայակոչված միջազգային փորձագետներին՝ փորձաքննության կատարմանը մասնակից դարձնելու հարցը։
Փորձաքննության համար առգրավվել են ոչ միայն «Արմենիա» բժշկական կենտրոնում Արթուր Սարգսյանի հիվանդության պատմագիրը, այլ նաև՝ շտապօգնության, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում նրա առողջական վիճակի վերաբերյալ առկա բժշկական փաստաթղթերը։
Քննության ընթացքի և արդյունքների մասին տեղեկույթ կտրամադրվի պարբերաբար։
ՄԱՐՏԻ 16
Արթուր Սարգսյանը, որը մեղադրվում էր 2016թ․ հուլիսի 17-ին Էրեբունու ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված Սասնա ծռեր խմբավորմանը օժանդակելու մեջ, կալանավորվել էր օգոստոսի 2-ին։ Այնուհետև պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդության պատճառով խափանման միջոցը փոխվել էր և ազատ էր արձակվել դեկտեմբերի 31-ին: Սակայն Սարգսյանին կրկին կալանավորել էին փետրվարի 9-ին։ Նա հաջորդ օրը հացադուլ էր հայտարարել։ Հացադուլի հետևանքով Հաց բերողի մոտ առողջական ծանր խնդիրներ էին առաջացել։ Նրա խափանման միջոց կալանավորումը երաշխավորության դիմաց փոխվել էր, և նա դատապարտյալների հիվանդանոցից տեղափոխվել էր «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն։
Երկրորդ անգամ կալանավորվովելուց հետո՝ փետրվարի 2-ին գրած նամակում Արթուր Սարգսյանը հայտարարում էր, որ իր առողջության հետագա վատթարացման դեպքում պետք է մեղավոր ճանաչվեն ՀՀ հատուկ քննչական ծառայության կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Էդ. Հակոբյանն ու դատավոր Ա.Մկրտչյանը։
Հաց բերողի շահերի պաշտպան Տիգրան Եգորյանը գրառում է արել, որում Հաց բերողի նկատմամբ անմարդկային վերաբերմունքի պատասխանատու է ճանաչում արդարադատության համակարգը։
Մարտի 7-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում ՍիվիլՆեթին տված բացառիկ հարցազրույցում Արթուր Սարգսյանն ասել էր, որ շարունակելու է պայքարը, այն լինելու է ավելի կտրուկ և թեժ։