Արցախի ֆորումի մասնակից բլոգերները դատապարտում են արտահայտման և տեղաշարժման ազատությունների հանդեպ ոտնձգությունները

Արցախում այսօր ավարտվեց բլոգերների միջազգային ֆորումը, որը կազմակերպվել էր մարտի 19-21-ը «Արցախակերտում» հասարակական կազմակերպության և Արցախի ժուռնալիստների միության կողմից: Ֆորումի շրջանակներում տեղի են ունեցել քննարկումներ, շրջայց առաջնագիծ, Թալիշ, Շուշի և մի շարք այլ վայրեր, ինչպես նաև ընդունվել է համատեղ հայտարարություն բլոգերների ազատ արտահայտվելու և ազատ տեղաշարժի իրավունքների վերաբերյալ՝ դատապարտելով դրանք սահմանափակելուն ուղղված փորձերը: ֆորումին մասնակցում էր շուրջ 30 բլոգեր 11 երկրից, մասնավորապես՝ Անտոն Նոսսիկը (Ռուսաստան), Անտոն Մերկուրովը (Ռուսաստան), Ալեքսանդր Ալիմովը (Լատվիա), Տարիկ Հաֆեդը (Ալժիր), Ռոմայն Միելքարեկը (Ֆրանսիա), Գիլադ Հալպերրնը (Իսրաել), Ալեքսանդր Հոյշըկը (Բելառուս), Իրինա Կովալչուկը (Ուկրաինա), Լուչիանո Տիրինանցին (Իտալիա), Պետրուշկա Շուշտրովան (Չեխիա) և շուրջ 20 մասնակից Հայաստանի և Արցախի հանրապետություններից: Բլոգերների հայտարարությունը՝ ստորև․

Մենք՝ Արցախում տեղի ունեցող Բլոգերների միջազգային ֆորումի մասնակիցներս,

Կարևորելով մարդու հիմնարար իրավունքների, հատկապես արտահայտման ազատության և ազատ տեղաշարժի իրավունքների իրացումն ու պաշտպանությունը,

Շեշտելով այդ հարցում միջազգային հանրության ընդհանուր պատասխանատվությունը,

Հաշվի առնելով տեղեկատվական ոլորտի ներկայացուցիչների անփոխարինելի դերակատարությունն անաչառ տեղեկատվության տրամադրման գործում,

Լիակատար աջակցություն հայտնելով Արցախի Հանրապետության ժողովրդին՝ համոզմունք ենք հայտնում, որ ցանկացած իշխանության քայլերը՝ ուղղված տեղեկատվական ոլորտի ներկայացուցիչների ազատ արտահայտվելու և տեղաշարժվելու իրավունքների սահմանափակմանը, ինչպես նաև այդ իրավունքների իրացման համար հետապնդումների քաղաքականությունը, մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների կոպտագույն ոտնահարումներ են։

Դատապարտում ենք արտահայտման և տեղաշարժման ազատությունների հանդեպ բոլոր ոտնձգությունները և սահմանափակումները։

Փաստում ենք, որ Արցախի Հանրապետությունում տեղի ունեցող այս միջազգային ֆորումը լավագույն պատասխանն է արտահայտման ու տեղաշարժման ազատությունների սահմանափակման և ոտնահարման ուղղությամբ ձեռնարկվող բոլոր քայլերին։

Հավաստիացնում ենք, որ մեզանից յուրաքանչյուրը հաստատակամ է՝ ներդրում ունենալու Մարդու հիմնարար իրավունքների իրացման, ինչպես նաև խաղաղության քարոզման գործում:

Ավելին՝ Արցախ այցելած բլոգերներին չի հետաքրքրում Բաքվի կարծիքը։

Լուսանկարը՝ բլոգեր Անտոն Նոսիկի ֆեյսբուքյան էջից։

Մեկնաբանել