Նախաստորագրվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը

Մարտի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արևելյան գործընկերության, Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Լյուկ Դևինին և Եվրոպական հանձնաժողովի առևտրի գլխավոր տնօրինության ստորաբաժանման ղեկավար Պետրոս Սուրմելիսին։ Հանդիպմանը հաջորդել է Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի նախաստորագրումը։

Էդվարդ Նալբանդյանը ողջունել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նախաստորագրելու նպատակով ԵՄ պաշտոնյաների այցելությունը և վստահություն հայտնել, որ փաստաթուղթը նոր էջ կբացի Հայաստանի և Եվրոպական միության և նրա անդամ երկրների հետ հարաբերություններում։

Էդվարդ Նալբանդյանը շեշտել է, որ համաձայնագիրը կստորագրվի այս տարվա ընթացքում և հավելել, որ այն կարտացոլի Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերությունների խորությունը, մակարդակը և ծավալը։ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ փաստաթուղթը վկայում է այն կարևորության մասին, որ Հայաստանը տալիս Է Եվրոպական միության հետ իր համագործակցությանը։

Հայաստանի Հանրապետության անունից համաձայնագիրը նախաստորագրել են գլխավոր բանակցող, արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, ինչպես նաև առևտրական հարցերով բանակցող, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը: Եվրոպական միության անունից նախաստորագրել են գլխավոր բանակցող, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արևելյան գործընկերության, Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Լյուկ Դևինը, ինչպես նաև ԵՄ կողմի առևտրի հարցերով բանակցող, Եվրոպական հանձնաժողովի առևտրի գլխավոր տնօրինության ստորաբաժանման ղեկավար Պետրոս Սուրմելիսը։

Մեկնաբանել