Սերժ Սարգսյանը Աբու Դաբիում հանդիպում է ունեցել ԱՄԷ փոխվարչապետի հետ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Աբու Դաբիի օդանավակայանում Սերժ Սարգսյանին դիմավորել է ԱՄԷ փոխվարչապետ, նախագահական հարցերով նախարար Շեյխ Մանսուր բին Զայեդ Ալ Նահյանը: Դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո ՀՀ նախագահը հանդիպում է ունեցել նախարար Շեյխ Մանսուր բին Զայեդ Ալ Նահյանի հետ:

«Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բարեկամ Արաբական Միացյալ Էմիրություններում իր նախորդ այցելության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն կարճ ժամանակաընթացքում Հայաստանի ներդրումային հնարավորություններին նվիրված համաժողովի կազմակերպման համար: Նախագահը հույս է հայտնել, որ համաժողովի արդյունքները, ինչպես նաև Շեյխ Մանսուր բին Զայեդ Ալ Նահյանի հետ ձեռք բերվելիք պայմանավորվածություններն իրենց լուրջ ներդրումն ու դերակատարությունը կունենան հայ-էմիրաթյան հարաբերությունների հետագա զարգացման գործում»,- ասված է նախագահականի հաղորդագրությունում:

Հաղորդվում է նաև, որ Սերժ Սարգսյանը «Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ» ներդրումային համաժողովի վերաբերյալ հանգամանալից զրույց է ունեցել նաև ԱՄԷ էկոնոմիկայի նախարար Սուլթան ալ-Մանսուրիի հետ: