Թուրքիան համագործակցում է Ռուսաստանի հետ ղարաբաղյան հարցում

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ռուսաստանի հետ աշխատում են տարածաշրջանային խնդիրների լուծման ուղղությամբ։ Այդ խնդիրների թվում Չավուշօղլուն նշել է սիրիական և ղարաբաղյան հակամարտությունները։

«Ռուսաստանի հետ մենք հարթել ենք տարաձայնությունները։ Այսօր մեր հարաբերությունները վերականգնված են, և մենք համագործակցում ենք տարածաշրջանի մի շարք խնդիրների լուծման հարցում»,- ասել է Չավուշօղլուն՝ որպես օրինակ բերելով իրավիճակը Սիրիայում և Ղարաբաղում։

Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը նաև նշել է, որ Անկարան «շարունակում է սատարել Վրաստանի և Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը»։

Մարտի 18-ին Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ շարունակում է չճանաչել Ղրիմում անցած «ապօրինի հանրաքվեն և դրա արդյունքում տեղի ունեցած բռնակցումը»։