Նորվեգիան ապաստան է տրամադրել Թուրքիայից չորս զինծառայողի և ռազմական կցորդի

Նորվեգիան ապաստան է տրամադրել Թուրքիայի չորս զինծառայողի, որոնք աշխատել են ՆԱՏՕ-ին կից, ինչպես նաև մեկ ռազմական կցորդի։ Վերջիններս ապաստանի համար Օսլոյին դիմել էին անցյալ հուլիսին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո։

Ինչպես հաղորդում է Doğan գործակալությունը, զինծառայողների փաստաբանը հաստատել է, որ Նորվեգիայի Ներգաղթյալների վարչությունն ընդունել է զինծառայողների դիմումը։ Օսլոն ընդունում է նաև զինծառայողների ընտանիքների դիմումը։ Ապսատանի ստացումը թույլ կտա նրանց ապրել և աշխատել Նորվեգիայում։

Ավելի վաղ չորս զինծառայողներն ու ռազմական կցորդը նորվեգական VG պարբերականի հետ զրույցում հերքել էին իրենց կապը հեղաշրջման փորձի հետ՝ տեղեկացնելով, որ հեռացվել են աշխատանքից։ Նրանք նաև մտավախություն էին հայտնել, որ Թուրքիա վերադառնալու դեպքում հետապնդման կենթարկվեն։

Հունվարին Հունաստանը մերժել էր Թուրքիայի դիմումը՝ արտահանձնել ութ նախկին զինծառայողների, որոնք ռազմական ուղղաթիռով փախել էին երկրից հեղաշրջման փորձից հետո՝ հայտարարելով, որ Թուրքիայում արդար դատավարության չեն արժանանա և վերադառնալու դեպքում կլինեն վտանգի տակ։

Ավելի վաղ Գերմանիայում ՆԱՏՕ-ի ռազմակայանում ծառայող թուրք մի շարք զինծառայողներ նույնպես դիմել էին ապաստանի համար։ Շվեյցարիայից ապաստան էին հայցել մի շարք թուրք դիվանագետներ։

Նորվեգիան և Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ են։ Վերջին շաբաթներին Արևմուտք-Թուրքիա դիմակայությամբ պայմանավորված՝ Անկարան մասամբ արգելափակել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ համագործակցությունը: Մասնավորապես, պաշտոնական Անկարան դադարեցրել է ռազմական զորավարժությունները և որոշ քաղաքական ու քաղաքացիական ծրագրեր:

Մեկնաբանել