ՕՐՕ դաշինքը դատապարտել է Սամվել Բաբայանի ձերբակալությունը

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը ձերբակալվել է․ այս մասին հաղորդում են ՍիվիլՆեթի աղբյուրները։

20:00

Սեյրան Օհանյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի և Վարդան Օսկանյանի համատեղ հայտարարությունը Սամվել Բաբայանի ձերբակալության կապակցությամբ

Այսօր ՀՀ ԱԱԾ–ի կողմից բերման է ենթարկվել ԼՂՀ ՊՆ և ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս, գեներալ–լեյտենանտ Սամվել Բաբայանը։

Իշխանությունների այս քայլը կանխատեսելի էր։ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի դեմ կազմակերպված ակնհայտ սադրանքը, ինչպես նաև դաշինքի շտաբների ու պատգամավորության թեկնածուների նկատմամբ զանգվածային բնույթ կրող ճնշումները նպատակ էին հետապնդում վախի մթնոլորտ տարածել և խոչընդոտել մեր աշխատանքները։ Այսօր արդեն անցել են այլ մեթոդների։

Ուշագրավն այն է, որ որոշ գործիչների միջոցով, ինչպես նաև բացահայտ ու քողարկված իշխանամետ լրատվամիջոցներով օրեր շարունակ նախապատրաստվում էր Սամվել Բաբայանի դեմ քայլը։
Մենք իշխանությունների այս վարքագիծը գնահատում ենք որպես մեր երկրում վախի մթնոլորտ ձևավորելուն և ընտրությունների արդյունքների վրա հակաօրինական միջոցներով ազդելուն ուղղված քայլ։

«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը շարունակում է իր բնականոն աշխատանքները։ Չենք տրվելու սադրանքների։ Մեր կառույցները, պատգամավորության թեկնածուները և համակիրները եռապատկված եռանդով են շարունակելու իրենց գործը։

Կոչ ենք անում միջազգային հանրությանը, դիտորդական առաքելություններին, դիվանագիտական ներկայացուցչություններին ուշադրության կենտրոնում պահել Ս. Բաբայանի հետ կապված գործը, որն ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունի և ուղղված է մեր քաղաքացիների ազատ կամարտահայտման դեմ։

Կոչ ենք անում քաղաքական ուժերին, իրավապաշտպան կազմակերպություններին, քաղաքացիական հասարակությանը, Արցախի ու Սփյուռքի մեր հայրենակիցներին համարժեք գնահատական տալ տեղի ունեցածին։
Կոչ ենք անում մեր հանրությանը, յուրաքանչյուր քաղաքացու այս դեպքից հետո անել համապատասխան հետևություններ, ակտիվորեն մասնակցել ընտրական գործընթացներին, համախմբված ձևով հանդես գալ փոփոխությունների օգտին ու ապրիլի 2–ին ձևավորել նոր իշխանություն։

19։40

Պաշտպանության նախկին նախարար, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ցուցակը գլխավորող Սեյրան Օհանյանը լրագրողների հարցին, թե ինչու է ձերբաալվել Սամվել Բաբայանը, պատասխանել է․

«Սամվել Բաբայանը մեր գաղափարակից ընկերն է, մեր համակիրն է․․․ դաշինքի նկատմամբ շարունակական էս վերաբերմունքի արդյունքը կարող է լինել։ Մնացած խնդիրների մասին պարզաբանումից հետո կտեղեկացնենք»։

Սեյրան Օհանյանը հայտարարությունն արել է՝ «Համախմբում» կուսակցության գրասենյակ մտնելիս, որտեղ հավաքված է լրագրողների խումբ։

19։00

Հաղորդագրություն է տարածել ԱԱԾ-ն․

«Ի պատասխան տարբեր լրատվամիջոցների բազմաթիվ հարցումների՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը հայտնում է, որ մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում այս պահին ձերբակալված են 3 անձ, այդ թվում՝ ՀՀ քաղաքացի Սամվել Բաբայանը։

Կատարված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել են նաև արժանահավատ տվյալներ, որ նշված զենիթա-հրթիռային համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերումը և փոխադրումն իրականացրած անձինք գործել են Սամվել Բաբայանի հետ ունեցած նախնական համաձայնությամբ և նրա պատվերով։

Ըստ փորձագետի եզրակացության՝ զենիթա-հրթիռային համալիրի բաղադրիչ կազմող «9M39» մարտական հրթիռը պիտանի է հետագա շահագործման համար և հանդիսանում է ռազմամթերք։

Ներկայումս պարզաբանվում են զենիթա-հրթիռային համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերման շարժառիթները, հնարավոր օգտագործման նպատակները, ինչպես նաև ֆինանսավորման աղբյուրները։

Նախաքննությունը շարունակվում է»

***

Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքում Բաբայանի ձերբակալության մասին որևէ տեղեկություն չունեն։

ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանը այս առնչությամբ Ֆեյսբուքում գրել է, որ Սամվել Բաբայանին ձերբակալելու օրը, մարտի 22-ը, Սերժ Սարգսյանն իզուր չէ ընտրել: Բաբայանին խաղից հանելու գործընթացը հենց 2000թ. մարտի 22-ին էր սկսվել:

Այսօր Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում տեղեկացնում է, որ 2017թ. մարտին նախնական տեղեկություններ են ստացվել ՀՀ քաղաքացիների կողմից Վրաստանի Հանրապետությունից մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու մասին։

«Ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիրի արձակման խողովակ՝ «9M39» հրթիռով։

Դեպքի առթիվ 2017թ. մարտի 22-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ 2-րդ մասի և 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա երկու անձ ձերբակալվել է։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում զենքի (ռազմամթերքի) ապօրինի շրջանառությանն առնչություն ունեցած այլ անձանց հայտնաբերելու և գործի համար նշանակություն ունեցող մյուս հանգամանքները բացահայտելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։

Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի գործողությունները համակարգող Սամվել Բաբայանը մոտ մեկ շաբաթ առաջ Ջրառատ գյուղում ՕՐՕ-ի դեմ հարձակումից հետո ասել էր․ «Խորհուրդ չեմ տալիս, որ կանգնեն դաշինքի դեմ, որովհետև այդպես կրակելով՝ տեղ չեն հասնի: Եթե այսօր իրենք են կրակում, վաղը կարող է մյուս կողմը կրակի, ու ընդհանրապես իրենց ողջ-առողջ չգտնեն։ Նա նաև ասել էր, որ եթե այսպես շարունակվի, արյունահեղություն է լինելու:

Մեկնաբանել