«Իգլա»-ի հարցով իրավապահներն աշխատում են Վրաստանի գործընկերների հետ

Վրաստանի Հանրապետության իրավապահ մարմինների հետ անցկացվում են համատեղ միջոցառումներ՝ հայտնաբերված ռազմամթերքը հայ-վրացական պետական սահմանով ենթադրաբար անցկացնելու վերաբերյալ ձեռք բերված նախնական տվյալների հավաստիությունը ստուգելու համար, այս մասին հաղորդագրություն է տարածել Ազգային անվտանգության ծառայությունը։

«Ի պատասխան բազմաթիվ լրատվամիջոցներից պարբերաբար ստացվող հարցումների՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը տեղեկացնում է, որ մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի կապակցությամբ իրականացվող նախաքննության ներկայիս փուլում կասկածյալների մասնակցությամբ կատարվում են տարաբնույթ քննչական գործողություններ, որոնք ուղղված են կատարված հանցանքին նրանցից յուրաքանչյուրի մասնակցության բնույթը և աստիճանը հստակեցնելուն, ինչպես նաև դեպքի մյուս հանգամանքները պարզաբանելուն:

Միաժամանակ Վրաստանի Հանրապետության իրավապահ մարմինների հետ անցկացվում են համատեղ միջոցառումներ՝ հայտնաբերված ռազմամթերքը հայ-վրացական պետական սահմանով ենթադրաբար անցկացնելու վերաբերյալ ձեռք բերված նախնական տվյալների հավաստիությունը ստուգելու համար:

ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը հայտնում է նաև, որ քրեական գործի շրջանակներում նոր զարգացումների առկայության դեպքում դրանց վերաբերյալ կտրամադրվի համապատասխան տեղեկատվություն»,- ասվում է հաղորդագրությունում:

Մարտի 22-ին Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել էր ԼՂՀ ՊՆ և ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս, գեներալ–լեյտենանտ Սամվել Բաբայանին։

Մեկնաբանել