Նոր Գեղի գյուղում պայթյունի հետևանքով փլուզվել է թթվածնային կայան. կա զոհ

Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում պայթյունի հետևանքով թթվածնային կայանը փլուզվել է, ինչի հետևանքով փլատակների տակից հայտնաբերվել է նույն գյուղի բնակիչ 1968 թ. ծնված Արմենակ Ազարյանի դին, այս մասին հաղորդում է Արտաքին իրավիճակների նախարարությունը։

«Մարտի 24-ին, ժամը 08:09-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի վերջնամասում փլուզվել է թթվածնային կայանը, քաղաքացին մնացել է փլատակներում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և Կոտայքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը, հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:

Դեպքի վայրում եղել են ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը և ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանը:

Ժամը 08:40-ին փրկարարները փլատակներում հայտնաբերել են կայանի աշխատակից, թթվածնային բալոնների լիցքավորող, Նոր Գեղի գյուղի բնակիչ՝ 1968 թ. ծնված Արմենակ Ազարյանի դին:

Թթվածնային կայանը պատկանում է «Շիրինյան եղբայրներ» ՍՊԸ-ին:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն»,- ասվում է հաղորդագրությունում:

Մեկնաբանել