Չեչնիայում գրոհայինների հարձակման արդյունքում վեց զինծառայող է զոհվել

Չեչնիայում «Ռոսգվարդիա»-ի զինվորական ստորաբաժանումներից մեկի վրա գրոհայինների հարձակման արդյունքում կան զոհեր և վիրավորներ, հաղորդում է RBC-ն։

Հղում անելով Ռուսաստանի Ազգային հակաահաբեկչական հանձնաժողովին՝ հաղորդվում է, որ հարձակման արդյունքում զոհվել է «Ռոսգվարդիա»-ի վեց զինծառայող, կան նաև վիրավորներ։ Հանձնաժողովը տեղեկացրել է, որ անցած գիշեր վեց զինյալներից բաղկացած խումբը հարձակում է գործել Նաուրի շրջանում զինվորական ստորաբաժանման վրա՝ կիրառելով հրազեն։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ հանցախմբի բոլոր անդամները սպանվել են։

«Ռոսգվարդիա»-ի մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ զինյալներն օգտվել են խիտ մառախուղից՝ փորձելով ներթափանցել զինվորական քաղաքի տարածք, սակայն բացահայտվել են և չեզոքացվել։

TASS գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրները, ավելի վաղ գրել էր, որ հարձակմանը մասնակցել է ութ զինյալ, որոնցից վեցն են սպանվել, երկուսին հաջողվել է փախուստի դիմել։

Մեկնաբանել