Ստեղծվել է «Հայաստանի ներդրողների ակումբ»՝ ռուսահայ գործարարների մասնակցությամբ

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի և Ռուսաստանի հայկական սփյուռքի երեք տասնյակից ավելի գործարարների մասնակցությամբ այսօր պաշտոնապես տրվել է «Հայաստանի ներդրողների ակումբ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի գործունեության մեկնարկը, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։ Միջոցառումը նախագահել են վարչապետ Կարեն Կարապետյանը, ռուսաստանաբնակ գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը։

2017թ. հունվարի 25-ին ռուսաստանաբնակ հայազգի գործարար շրջանակների ներկայացուցիչները հայտարարություն էին տարածել՝ Հայաստանում խորը բարեփոխումներ անցկացնելու գործընթացին աջակցելու և ՀՀ կառավարության հետ համատեղ նախաձեռնություններին և բիզնես-ծրագրերին մասնակցելու վերաբերյալ։

«Ակումբի անդամներից յուրաքանչյուրին ճանաչում եմ և մեծ մասի հետ ունեմ ընկերական, բարեկամական հարաբերություններ: Իրականում այս ակումբը մեզ համար բեկումնային է լինելու ոչ միայն նրա համար, որ գալու են առողջ, երկարատև ներդրումներ, երկարատև բիզնես ծրագրեր, այլև մենք ունենալու ենք կորպորատիվ նոր մշակույթ: Մեր քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ես բազմիցս ասել եմ՝ բազմաթիվ երկրներ, որոնք վերջին 20-30 տարում որակ են փոխել, կանգնած են եղել ոչ պակաս խնդիրների առջև, քան մենք ունենք: Բայց նրանց համարձակությունը, հավակնոտ ծրագրերը, պրագմատիկ և ռացիոնալ լինելը, կամքը, նպատակասլացությունը, որոշ դեպքերում՝ կոշտությունը բերել են նրան, որ իրենք երկիր են փոխել: Ինչո՞ւ մենք չենք կարող լավ երկիր ունենալ, ինչո՞ւ ուրիշները կարող են, մենք՝ ոչ»,- իր ողջույնի խոսքում ասել է վարչապետ Կարապետյանը։

Կարեն Կարապետյանը շեշտել է, որ «Հայաստանի ներդրողների ակումբի» յուրաքանչյուր անդամն իր պատմությամբ, իր օրինակով ստեղծել է բիզնես կայսրություն, և գալով Հայաստան՝ նրանք որակ են փոխելու: 

«Բացի այդ, անդամներից յուրաքանչյուրն ունի մեծ շրջապատ, և այս ակումբը դառնալու է կամուրջ իրենց շրջապատի, իրենց հետ կապիտալով, գործով կապված մարդկանց ու մեր երկրի միջև: Այս ակումբի մուտքը Հայաստան նաև նպաստելու է ֆինանսական, կապիտալի շուկայում առկա բացերի լուծմանն ու զարգացմանը: Ակումբի անդամները նաև իրենց բարոյական կերպարով, պահելաձևով, նոր մշակույթ են մտցնելու բիզնես էլիտայի մեջ, ինչը չափազանց կարևոր է: Ես ձեզ բոլորիդ ողջունում եմ և խորին շնորհակալություն հայտնում: Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր ընկերոջը, Հայաստանի Հանրապետության մեծ բարեկամին, բարեգործին, ներդրողին՝ Սամվել Կարապետյանին: Դուք բոլորդ չեք պատկերացնում՝ ինչքան կարևոր գործ եք արել: Ես վստահ եմ, որ կառավարության հետ այս ակումբի համագործակցությունը լինելու է շատ կանխատեսելի և հասկանալի: Մենք մի բան հստակ ենք ասել. մենք ցանկացած բիզնեսմենի գործընկերն ենք, և դուք ռեգուլյար զգալու եք մեր այդ ձգտումը: Չափազանց կարևորում եմ, որ ակումբը լինի հաջողակ, և հենց ճիշտ հիմքն այն է, որ սա ոչ թե բարեգործական, այլ ագրեսիվ բիզնես ակումբ է», – ասել է վարչապետը: 

Ներդրումային Ֆոնդի մասին

«Հայաստանի ներդրողների ակումբը» ՀՀ կենտրոնական բանկի կողմից գրանցված առաջին ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդն է Հայաստանում, որի նպատակն է ներքին և արտաքին մասնավոր ֆինանսական միջոցների ներգրավմամբ նպաստել ՀՀ տնտեսության համար կարևոր նշանակություն ունեցող հետևյալ ոլորտների զարգացմանը՝ էներգետիկա, այդ թվում՝ այլընտրանքային էներգիայի արտադրություն, էներգետիկ և զբոսաշրջային ենթակառուցվածքներ, հանքարդյունաբերություն, հանքանյութի վերամշակում, սննդի և թեթև արդյունաբերություն: Նմանատիպ պայմանագրային ներդրումային ֆոնդերը կարևոր տեղ են զբաղեցնում զարգացած պետությունների ֆինանսական գործիքների շարքում՝ հանդիսանալով տնտեսական աճի և տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման գործոն: 

Ֆոնդը, որի կառավարիչը «Ֆորա Կապիտալ» ՍՊԸ-ն է, իր գործունեությունն իրականացնելու է նոր և գործող ընկերությունների կապիտալի մասնակցության, պարտատոմսերի և անշարժ գույքի ձեռքբերման, ինչպես նաև փոխառությունների տրամադրման տեսքով: Անդամակցել կարող են ցանկացած իրավաբանական և ֆիզիկական անձինք, ինչը, ելնելով ֆոնդի բնույթից, պետք է հաստատվի հիմնադրամի կառավարող ընկերության՝ «Ֆորա Կապիտալ» ՍՊԸ տնօրենների խորհրդի կողմից: «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ այդ մասնակիցների թիվը չի կարող գերազանցել 49-ը:

Հարցուպատասխան վարչապետի և Սամվել Կարապետյանի հետ 

Ֆոնդի գործունեության պաշտոնական մեկնարկի արարողությունից հետո տեղի է ունեցել Կարեն Կարապետյանի և «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի ճեպազրույցը լրագրողների հետ: Կառավարության մամուլի ծառայությունը ներկայացրել է հարցուպատասխանի տեքստը։

Շանթ հեռուստաընկերություն – Հարց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին: Պարոն վարչապետ, ամիսներ առաջ հայտարարվեց 3.2 մլրդ ԱՄՆ դոլարի հսկայածավալ ներդրումներ Հայաստան բերելու մասին: Կարո՞ղ ենք փաստել, որ այս ակումբի ստեղծումն այդ ծրագրի մի մասն է: 

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան – Ես ուզում եմ կրկին դրան անդրադառնալ: Մենք ասել ենք՝ կառավարությունն էլ է շարժվելու, ասել ենք ախտորոշում, տեսլական, ինչպես ենք պատկերացնում երկիրը փոխել և այլն: Որպեսզի պրակտիկ դաշտ բերենք, ֆիքսել ենք 3.2 մլրդ ԱՄՆ դոլարի ծրագիր՝ իրենց աղբյուրներով, կատարողով, նախագծով, մուլտիպլիկատիվ էֆեկտով և այլն: Այդ 3.2 մլրդ ԱՄՆ դոլարի մեջ այս ակումբը կարո՞ղ է մասնակից դառնալ, թե՞ ոչ, ակումբի խնդիրն է: Բայց մենք ակնկալում ենք, որ ակումբի մուտքով 3.2 մլրդ ԱՄՆ դոլարից բացի կլինեն այլ ներդրումներ ևս»:

Հ2 հեռուստաընկերություն – Հարց «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին: Երբ պարոն վարչապետը պաշտոնական այցով Մոսկվայում էր, ռուսաստանաբնակ հայ գործարարները պատրաստակամություն հայտնեցին և հայտարարություն տարածեցին՝ աջակցելու բոլոր ներդրումային ծրագրերին: Սա արդյոք մեկնա՞րկն է, և Դուք խոստացաք մեզ մարտին զարմացնել: Ի՞նչ առարկայական, գործնական քայլեր ենք տեսնելու:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան – Սա զարմանք չէ՞:

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյան – Ինձ թվում է՝ արդեն զարմացնում ենք: Մենք և´ Մոսկվայում ենք ասել, և´ եկել ենք այստեղ ասելու, որ աջակցում ենք Հայաստանի կառավարությանը, աջակցելու ենք կառավարության բոլոր այն ծրագրերին, ինչը կապահովի մեր երկրի բարգավաճումը: Դրա համար ես կարող եմ ասել ինչպես «Տաշիր» խմբի, այնպես էլ մեր ընկերների անունից, ովքեր այսօր այստեղ են, մենք ամենաակտիվ մասնակցությունն ենք ունենալու այս ակումբի աշխատանքներում, ակումբի հաջողության գործում:

Կենտրոն հեռուստաընկերություն – Հարց «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին: Պարոն Կարապետյան, ինչպե՞ս կգնահատեք Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության բարեփոխումները, դրանց ընթացքը: Ինչպիսի՞ն է այն Ձեր գնահատմամբ:

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյան – Ինձ թվում է՝ Կարեն Կարապետյանը դեռ շատ անակնկալներ ունի անելու, դուք շատ կզարմանաք: Ընդամենը մի քանի ամիս է, ինչ նա սկսել է, բայց ինձ նույնիսկ զարմացնում է Կարեն Կարապետյանի այսքան մարտական տրամադրվածությունը: Նորից ասեմ՝ մենք պաշտպանելու ենք, աջակցելու ենք, և ես վստահ եմ, որ մոտ ժամանակներս ամեն օր գոլեր են խփվելու:

Հանրային հեռուստաընկերություն – Հարց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին: Պարոն վարչապետ, Դուք նշեցիք, որ ակումբը նոր մշակույթ է բերելու Հայաստան: Իսկ Հայաստանը կամ Դուք ի՞նչ եք ակնկալում այս ակումբի գործունեությունից:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան – Ակնկալում եմ բիզնես միջավայրի փոփոխություն, նոր մշակույթի ձևավորում, բիզնես էլիտայի մշակույթի փոփոխություն, կապիտալի և ֆինանսական շուկաներում ակտիվացում: Ակումբի անդամներն աշխարհով մեկ ունեն գործընկերներ, և ակնկալում եմ,որ իրենց մասնակցությունը կբերի նրան, որ այս ակումբը կդառնա կամուրջ բավական մեծ ֆինանսական շուկայի և բիզնես կառույցների միջև: Իրականում ես ակնկալում եմ, որ այն որակական փոփոխություն կմտցնի մեր բիզնես միջավայրում, բիզնես մթնոլորտում: Ավելին, ոչ թե ակնկալում եմ, այլ համոզված եմ, որովհետև սա առաջին օրինակն է, որտեղ պետությունը չի մասնակցում, լրիվ մասնավոր ակումբ է, որն ունի բիզնես նպատակներ, և հենց դա պետք է անենք: Այսօր մեր բոլոր գործընկերների հետ՝ թե´ Ռուսաստանի Դաշնությունում, թե´ այլ երկրներում բանակցում ենք, հենց այս դաշտ ենք ուզում տեղափոխել: Մենք դեմ չենք դրամաշնորհներին, բայց ուզում ենք միջավայր ստեղծել, որտեղ փող աշխատելը, շահույթ հետապնդելը, եկամուտ ստանալը Հայաստանում դառնա տրամաբանական, որովհետև դա փոխելու է տեխնոլոգիա, մտածելակերպ, ամեն ինչ:

Արմենիա հեռուստաընկերություն – Հարց «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին: Արդեն կա՞ որոշակի ուրվագծված ներդրումների ծավալի չափ, և կա՞ն արդեն հստակ ծրագրեր, աշխատատեղերի մասով ի՞նչ հարց է լուծվում այս ներդրումներով: Ունե՞ք գնահատականներ:

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյան – Մենք ունենք գնահատականներ, ընտրել ենք ներդրումային ծրագրեր, որոնք ներկայացված են: Մեր կողմից այդ ծրագրերը հիմնականում ընդունված են և առաջինը, այդ ուղղություններով փորձելու ենք մոտակա ժամանակներս անել մեր ներդրումները: Բոլոր ծրագրերը շատ մեծ հետաքրքրություն են ներկայացնում, քանի որ դրանք հիմնականում էներգետիկայի ոլորտում են: Մենք փորձելու ենք արագ ներդրումների հաշվին աջակցել, որպեսզի կառավարությունը հնարավորություն ունենա վերանայել սակագները՝ ի օգուտ նվազեցման: Ծավալները կան և քիչ չեն:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան – Հարգելի ընկերներ, քանի որ էմոցիաներս շատ են, նորից ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել: Չեք պատկերացնում՝ ինչքան շահագրգռված եմ, ավելին, նույնիսկ համոզված եմ, որ դուք երբևէ չեք փոշմանի, որ այսպիսի քայլ եք արել: Մենք դրանով կփոխենք մթնոլորտը Հայաստանում: