Դատախազությունը պնդում է՝ Սամվել Բաբայանն «ընդունել է առնչությունը», փաստաբանը հերքում է

ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ Սամվել Բաբայանը և մյուսներն ընդունել են առնչությունը «Իգլա» զենիթահրթիռային համալիր ներկրելու գործին։

«Թեև հանցագործության կատարման մեջ մեղադրվող անձինք առաջադրված մեղադրանքում իրենց մեղավոր չեն ճանաչել, սակայն կասկածյալի դատավարական կարգավիճակում հարցաքննության ընթացքում նրանք, այդ թվում՝ Սամվել Բաբայանը, ընդունել են իրենց առնչությունը նշված ռազմամթերքի ապօրինի շրջանառությանը և տեղեկություններ հայտնել դրա հանգամանքների վերաբերյալ»,- ասված է դատախազության հաղորդագրությունում։

Սամվել Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը, մինչդեռ, հայտարարել է, որ դատախազության տարածած լուրը չի համապատասխանում իրականությանը և հանդիսանում է կամայական մեկնաբանություն: «7 օր» կայքին տված մեկնաբանությունում նա ասել է․ «Ես տեղյակ եմ գործին առնչվող նյութերին և Բաբայանի ցուցմունքներին ու կարող եմ պնդել, որ նա չի ընդունել իրեն ներկայացրած մեղադրանքները և չկան հիմքեր, որոնք ապացուցում են իր առնչությունը «Իգլայի» պատմության հետ, և հետևաբար՝ նա չի կարող առնչություն ունենալ նշված ռազմամթերքի ապօրինի շրջանառության հետ: Դատախազությունը յուրովի է մեկնաբանել Բաբայանի ցուցմունքները և դրանք ներկայացրել որպես առնչություն: Բաբայանին ներկայացրած մեղադրանքները կոնկրետ հոդվածներ են, և այդ հոդվածներից որևէ մեկով չկան հիմնավորումներ»:

«Չե՞ք կարծում, որ խնդիրը պետք է դիտարկել քաղաքական հարթության մեջ» հարցին ի պատասխան՝ Քալաշյանը նշել է. «Հաշվի առնելով այն, որ իրավական հարթության մեջ Բաբայանին ներկայացրած մեղադրանքն անհիմն է, հարցը, նաև Բաբայանի համոզմամբ, բնականաբար, արդեն պետք է դիտարկել քաղաքական հարթության մեջ»:

***

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը ձերբակալվել էր մարտի 22-ին՝ Վրաստանից Հայաստան ապօրինի կերպով «Իգլա» զենիթահրթիռային համալիր տեղափոխելուն աջակցելու կասկածանքով։

Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածով՝ «ապօրինի կերպով ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, մաքսանենգությունը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ»: Բաբայանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը։

Սամվել Բաբայանը հրապարակային հայտարարում էր, որ աջակցում է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին։

Մեկնաբանել