Սերժ Սարգսյանն ասել է՝ որտեղ է տեսնում իրեն 2018-ից հետո

«Ես հիմա չգիտեմ՝ ինչ քաղաքական կառուցվածք կլինի 2018-ին, բայց եթե իմ գլխավորած քաղաքական ուժը հաղթի գալիք ընտրություններում, ապա այդ պահի դասավորությունից ելնելով ինչ-որ կարգավիճակում իմ դերը կունենամ մեր ժողովրդի անվտանգության ապահովման հարցում»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը։

Աշխատանքային այցով Արցախում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայկական երկու հանրապետությունների փոխգործակցության շրջանակում Արցախի նախագահ Բակո Սահակյանի, ՀՀ և ԱՀ պաշտպանության նախարարների ու բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ եղել է ՊԲ զորամասերից մեկում, ծանոթացել զինված ուժերի մարտական պատրաստականությանը, ունկնդրել զորամասի շարահրապարակում զինծառայողների համար կազմակերպված համերգըև ելույթ ունեցել։

Հայաստանի զինուժի գերագույն գլխավոր հրամանատարն աչքը չի թարթելու, հարկ եղած դեպքում, «Իսկանդերի» համազարկի հրաման արձակելիս

«Անցած ապրիլին մենք հետ շպրտեցինք միջազգային պայմանավորվածությունները դրժած հակառակորդին բոլոր ուղղություններով, մենք տապալեցինք նրանց պլանները, մենք կատարելապես ջախջախեցինք նրանց՝ այդ օրերի տեղեկատվական պատերազմում, մենք մի տարվա ընթացքում այնքան ամրացրինք սահմանն ու զինեցինք զորքը, որ այսօր մեր առաջնագիծն ուղղակի անճանաչելի է դարձել։ Այսօր մեր տղաները հետևում են հակառակորդի տեղաշարժին նրա տարածքի խորքում արդեն։ Այսօր պատերազմատենչ հարևանի տարածքի բոլոր ուղղություններով, ընդհուպ մինչև ամենակարևոր ենթակառուցվածքներ, գերժամանակակից հզոր հարվածային ուժ է ուղղված։ Եվ այսօր Հայաստանի զինուժի գերագույն գլխավոր հրամանատարն աչքը չի թարթելու, հարկ եղած դեպքում, «Իսկանդերի» համազարկի հրաման արձակելիս։ Ու դա հարևան երկրում շատ լավ գիտեն»,- ասել է Սերժ Սարգսյանը»։
«Մենք պետք է ունենանք անվտանգության ուժեղ ձեռք։ Պոպուլիզմը կամ թուլությունը անվտանգության բուրգի գագաթում կկործանի մի ողջ ժողովուրդ։ Քառօրյա պատերազմի ավարտին համաձայնվելիս մենք, անշուշտ, գիտեինք, որ դեռ մեկ-երկու բլուր հետ չենք վերցրել։ Ներքին քաղաքական դաշտից վախեցող կամ պոպուլիստ մեկը էլի մի 100 զոհի գնով հետ կբերեր այդ հողակտորը, որ հետո հերոս խաղար ամբիոններում։ Միայն ուժեղը կարող էր կանգնելու հրաման տալ, խնայել կյանքեր ու իր վրա վերցնելով ապագա դատարկ պոպուլիզմի հարվածները՝ քաջ գիտակցելով ինչքան տարածք է մինչ այդ լուռ վերցրել և ինչքան կվերցնի հաջորդ անգամ։ Մարդկային կյանքը կարող են գնահատել միայն ուժեղները։ Մեր անվտանգությանը ուժեղ առաջնորդություն է պետք»։

«Ինձ անընդհատ հարցնում են՝ ինչ եմ անելու 2018 թվականից հետո։ Ես իմ կյանքի ընթացքում իրոք երբեք չեմ պլանավորել, թե հաջորդ հանգրվանին որտեղ եմ լինելու։ Միշտ հայտնվել եմ այնտեղ, որտեղ մեր անվտանգությանն ավելի պիտանի եմ եղել։ Ես հիմա չգիտեմ՝ ինչ քաղաքական կառուցվածք կլինի 2018-ին, բայց եթե իմ գլխավորած քաղաքական ուժը հաղթի գալիք ընտրություններում, ապա այդ պահի դասավորությունից ելնելով ինչ-որ կարգավիճակում իմ դերը կունենամ մեր ժողովրդի անվտանգության ապահովման հարցում։ Չգիտեմ դա ինչ կարգավիճակ կլինի, բայց հաստատ որևէ ձևաչափով օգտակար կլինեմ»։

Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը միջազգային միջնորդների հետ շարունակելու է ջանքերը՝ հասնելու արցախյան հիմնախնդրի խաղաղ ու արժանապատիվ կարգավորմանը, «կարգավորում, որը կարձանագրի Արցախի ժողովրդի՝ իր պատմական հայրենիքում ազատ ապրելու և արարելու անխախտ ու անվիճարկելի իրավունքը և կերաշխավորի տևական ու կայուն խաղաղություն»:

Մեկնաբանել