Կոռուպցիայի դեմ զանգվածային ցույցեր ամբողջ Ռուսաստանում

Հանգստյան օրերին Ռուսաստանի տասնյակ քաղաքներում, այդ թվում՝ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում, տասնյակ հազարավոր քաղաքացիներ դուրս էին եկել փողոց իրենց բողոքն արտահայտելու երկրում տիրող կոռուպցիայի դեմ։

1030 մարդ է բերման ենթարկվել, հաղորդում է BBC-ն

Հակակոռուպցիոն ցույցերի համար առիթ է հանդիսացել Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի» հետաքննական ֆիլմը, որի կիզակետում Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն է։ Ֆիլմը պատմում է վերջինիս կարողությունների մասին, որն ըստ Նավալնիի՝ հիմնված է մեծ կոռուպցիայի վրա։

Ալեքսեյ Նավալնին արդեն ձերբակալվել է՝ Մոսկվայի «Մայակովսկայա» մետրոյի կայարանից դուրս գալիս։ Ինչպես հաղորդվում է, նա գիշերը կանցկացնի ոստիկանական բաժանմունքում, իսկ վաղը կկայանա դատավարությունը։

Մոսկվայում ձերբակալել են ավելի քան 500 ցուցարարներ, ինչը գերազանցում է 2012թ․ Բալոտնայա հրապարակում զանգվածային ցույցերի ժամանակ ձերբակավածների թիվը։ Հետխորհրդային Ռուսաստանում սա ամենամեծ զանգվածային ձերբակալությունն է։

Ձերբակալվածների թվում կան անչափահասներ և լրագրողներ։

Ցույցերը ծավալվել են նաև հեռավոր արևելքում, Սիբիրում և Ուրալում։

Լուսանկարում՝ ձերբակալված Ալեքսեյ Նավալնին ավտոբուսում։