Դպրոցների և մանկապարտեզների տնօրենների ձայնագրություններն անհանգստացնող են. ՄԻՊ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը (ՄԻՊ) անհանգստացնող է որակում «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության հրապարակած սկանդալային ձայնագրությունները՝ ՀՀԿ-ական մանկապարտեզի ու դպրոցների տնօրենների կողմից վարչական ռեսուրսի կիրառման վերաբերյալ։

Կազմակերպությունն ավելի վաղ հրապարակել էր ձայնագրություններ այն մասին, թե ինչպես են 114 դպրոցի ու մանկապարտեզի տնօրեններ ներկայացնում, թե ինչպես են ձայներ ապահովում ու ապահովելու Հանրապետականի համար։

ՄԻՊ-ի հայտարարությունում նշվում է, որ բոլոր տվյալները պետք է դառնան մանրամասն ստուգման առարկա։

«Այս առումով, կարևոր է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից վարչական վարույթի նախաձեռնումը: Հարուցված վարույթի առնչությամբ անհրաժեշտ պարզաբանումներ ու տեղեկություններ ստանալու պահանջով Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արդեն իսկ հարցում է ուղարկվել Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ի գիտություն է ընդունվել ՀՀ գլխավոր դատախազության հաղորդումն այն մասին, որ դատախազության աշխատանքային խումբն ուսումնասիրում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հրապարակումն ու ձայնագրությունները: Դատախազություն նույնպես կուղարկվի հարցում՝ կապված քրեական վարույթ նախաձեռնելու հարցի լուծման հետ»,-նշված է ՄԻՊ-ի տարածած հաղորդագրությունում։

Մեկնաբանել