Սեյրան Օհանյանը հորդորում է՝ Բաբայանի ձերբակալության մասին փաստերը իրենց էլ տրամադրեն

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը Սամվել Բաբայանի ձերբակալությունը համարում է քաղաքական հետապնդում։

«Չեմ կարծում, որ Սամվել Բաբայանը կարող էր այսպիսի փոքր խնդիրներով զբաղվել, մանավանդ այս ժամանակահատվածում։ Եթե կան տեղեկություններ, թող դրանք տան մենք էլ իմանանք, եթե չկան այդ տեղեկությունները, ապա գոնե այս ժամանակահատվածի համար մենք գտնում ենք, որ դրանք քաղաքական հետապնդումներ են և՛ Սամվելի և՛ մեր դաշինքի նկատմամբ»,- այսօր հայտարարեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» (ՕՐՕ) դաշինքի ղեկավարներ Սեյրան Օհանյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը և Վարդան Օսկանյանը մարտի 27-ին ասուլիս էին հրավիրել՝ Սամվել Բաբայանի ձերբակալության և քաղաքական ներկա վիճակի շուրջ։

«Սամվել Բաբայանը մեր մարտական ընկերն է, մեր գաղափարակից գործընկերն է և տարբեր ժամանակահատվածներում իր հնարավորությունների սահմաններում աջակցել է մեզ։ Նրա իրավունքների պաշտպանության գործում մենք պետք է հաստատակամ լինենք և մինչև վերջ գնանք»,- ասաց Օհանյանը՝ նշելով, որ իրենց համար մի քանի բան անհասկանալի է․

«Առաջին հերթին, ինչպես է ստացվում, որ Ազգային անվտանգության ծառայության նյութերը, փաստերը առաջինը հայտնվում են որոշ լրագրողների մոտ, և նախօրոք հայտարարություններ են տարածվում, որ կլինեն ձերբակալություններ։ Անհասկանալի է նաև կեղծ տեղեկությունների արտահոսքը, չիմանալով՝ ինչպիսի փաստեր, գործընթացներ կան։ Ես խորհուրդ կտայի զերծ մնալ այդպիսի տեղեկատվություն տարածելուց։ Ի վերջո, գործըթնացն ապրիլի 2-ով չի ավարտվելու և մենք գտնվելու ենք փոխադարձ հարաբերությունների մեջ բոլոր քաղաքական ուժերի հետ»։

Կարդացե՛ք նաև՝ ՕՐՕ-ն պատրաստ է լրջագույն համագործակցության «Ծառուկյան» դաշինքի հետ

***

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը ձերբակալվել էր մարտի 22-ին՝ Վրաստանից Հայաստան ապօրինի կերպով «Իգլա» զենիթահրթիռային համալիր տեղափոխելուն աջակցելու կասկածանքով։

Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածով՝ «ապօրինի կերպով ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, մաքսանենգությունը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ»: Բաբայանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը։

Սամվել Բաբայանը հրապարակային հայտարարում էր, որ աջակցում է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին։

Մեկնաբանել