Դպրոցների տնօրենները պարզաբանումներ կներկայացնեն. ԿԳՆ

Կրթության և գիտության նախարարությունը հանձնարարել է 114 ուսումնական հաստատությունների տնօրեններին սեղմ ժամկետում ներկայացնել պարզաբանումներ՝ հրապարակված ձայնագրությունների վերաբերյալ։

«ՀՀ կրթության և գիտության նախարարությունը մի շարք ԶԼՄ-ներում հրապարակված «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի պատրաստած նյութի (114 ուսումնական հաստատությունների տնօրենների ձայնագրություններ) վերաբերյալ տեղեկացնում է, որ խնդիրը գտնվում է ՀՀ ԿԳՆ ուշադրության կենտրոնում:

ՀՀ կրթության և գիտության նախարարի պարտականությունները կատարող նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը հանձնարարել է վերոնշյալ ցանկում ընդգրկված ավագ դպրոցների տնօրեններին` սեղմ ժամկետում ներկայացնել պարզաբանումներ հրապարակված ձայնագրությունների վերաբերյալ: Միաժամանակ նոր շրջաբերական է ուղարկվել նաև ՀՀ մարզպետներին և Երևանի քաղաքապետին, որում մեկ անգամ ևս առաջարկվում է ձեռնարկել համապատասխան միջոցներ` ուսումնական հաստատությունները քաղաքական գործընթացներից զերծ պահելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը նախընտրական քարոզարշավին մասնակցելու նպատակով արձակուրդում է: Դեռևս փետրվարի 22-ին նախարար Լևոն Մկրտչյանը շրջաբերական նամակով դիմել էր ՀՀ մարզպետներին և Երևանի քաղաքապետին՝ առաջարկելով խիստ վերահսկողություն սահմանել, որպեսզի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները քարոզչական աշխատանքներում ներգրավվեն բացառապես օրենքի շրջանակում»,- ասվում է տարածված հաղորդագրությունում:

Մեկնաբանել