Սեղանին դրված ծրագիր կա․ ամերիկացի համանախագահը՝ ԼՂ բանակցությունների մասին

Ղարաբաղյան բանակցություններում սեղանին դրված ծրագիր կա․ Երևանում հրավիրված ասուլիսին այսօր հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը, ով այդ պաշտոնում ժամանակավոր է նշանակված։

Հոգլանդի խոսքով՝ ներկայում դիվանագիտական գործընթաց կա, որը, նա հուսով է, առաջիկայում կհանգեցնի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը։

Առանց մանրամասներ թվարկելու՝ ամերիկացի համանախագահը նշեց, որ «համաձայնագիրը բաղկացած է երեք մասից, համընդգրկուն է ու մանրամասն և միջազգայնորեն հավանության արժանացած»։

Հարցին, թե արդյոք առաջարկը Ռուսաստանի կողմի՞ց է արվել, թե Մինսկի՞ խմբի բոլոր միջնորդների, դեսպան Հոգլանդը խուսափեց պատասխանել։ Նա հորդորեց ներկայացված առաջարկը չկոչել «Լավրովի պլան»։

Հրապարակումների համաձայն՝ 2016թ․ ապրիլյան պատերազմից հետո Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հակամարտության կողմերին ներկայացրել է խնդրի կարգավորման առաջարկներ, որոնք որոշակի փոփոխություններով հանդերձ՝ հիմնված են Մադրիդյան սկզբունքների վրա։ Այդ առաջարկը հանրությունում ստացել է «Լավրովի պլան» անունը։

Այս ամիս ավելի վաղ Ռիչարդ Հոգլանդն այցելել էր Բաքու, որտեղ նույն հայտարարություններն էր արել, ինչ Հայաստանում։ «Բոլորը գիտեն, որ մի քանի օրից Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների տարելիցն է։ Մեր ուղերձն այն է, որ տարելիցը պետք է նշվի բանակցությունների սեղանի շուրջ, ոչ թե ռազմադաշտում»,- ասաց նա։

Հոգլանդը չնշեց, թե ինչ է քննարկել Ալիևի հետ՝ վկայակոչելով դիվանագիտական զգայուն թեմաները։

Ռիչարդ Հոգլանդը խաղաղ կարգավորման պլանի մասին հայտարարությունն անում է մեկ շաբաթ առաջ Հայաստանում ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից, որոնք համընկնում են Լեռնային Ղարաբաղում 2016թ․ապրիլյան պատերազմի հետ։

Վերջին երեք շաբաթվա ընթացքում հայ-ադրբեջանական ամբողջ առաջնագծում հայկական կողմը զոհեր չի ունեցել՝ չնայած զինադադարի խախտումների մասին ամենօրյա հաղորդագրություններին։