Վրաստանի վարչապետը՝ առանց մուտքի արտոնագրի ԵՄ մեկնած առաջին ուղևորը

Մարտի 28-ին Վրաստանի և Եվրոպական Միության միջև ուժի մեջ է մտել անայցագիր ռեժիմի մասին համաձայնագիրը, որը Վրաստանի քաղաքացիներին թույլ է տալիս ԵՄ երկրներ այցելել առանց այցագրի։ Առանց մուտքի արտոնագրի Եվրոպա մեկնած առաջին ուղևորը եղել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած պատվիրակությունը, հաղորդում է Վրաստանի հայալեզու Aliq.ge կայքը։

Վարչապետը մի խումբ ուսանողների, գիտնականնների, լրատվամիջոցների ներկայացուցիչների, ինչպես նաև կառավարության անդամների հետ այցելել է Հունաստանի մայրաքաղաք Աթենք:

«Այսօր պատմական օր է: Վրաստանի քաղաքացիները այսուհետ առանց մուտքի արտոնագրի կարող են այցելել Շենգենյան գոտու երկրներ: Սա շատ կարևոր ձեռքբերում է, Վրաստանի քաղաքացիների համար Եվրոպային ծանոթանալու լավ հնարավորություն»,- հայտարարել է Կվիրիկաշվիլին:

Կվիրիկաշվիլին Հունաստան է մեկնել պատկառելի պատվիրակությամբ կազմում են փոխվարչապետ, կրթության և գիտության նախարար Ալեքսանդրե Ջեջելավան, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն, եվրաինտեգրման հարցերով պետնախարար Վիկտոր Դոլիձեն, խորհրդարանի եվրաինտեգրման հարցերով հանձնաժողովի ղեկավար Թամար Խուլորդավան, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Սոփիո Քացարավան, Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտոր Գիա Շարվաշիձեն, մշակույթի գործիչներ, ուսանողներ։

Մեկնաբանել