Միայն Ռուսաստանի ներգրավվածությամբ Ղարաբաղյան կարգավորման գործընթացում հաջողությունը հնարավոր չէ, անհրաժեշտ է մյուս միջնորդների ներգրավվածությունը, կարծում է Թոմաս դե Վաալը։
Այսօր «Մեդիա կենտրոնի» կազմակերպած քննարկմանը Կարնեգի հիմնադրամի առաջատար գիտաշխատող, Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալը, որը քննարկմանը միացել էր սկայպով, կարծիք հայտնեց, որ անհրաժեշտ է մյուս միջնորդների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներգրավվածությունը, որպեսզի ԼՂ խնդիրը կարգավորվի։
2016թ․ Ղարաբաղում ապրիլյան մարտական գործողություներից հետո, ըստ պնդումների, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը խնդրի կարգավորման իր պլանն էր բերել կողմերին, որը մեծապես հիմնված է Մադրիդյան սկզբունքների վրա։ Թեև պաշտոնապես չի հաստատվել Լավրովի պլանի գոյությունը, սակայն մամուլում և փորձագիտական շրջանակներում հաճախ է խոսվում դրա մասին։
«Կարգավորման գործում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ակտիվացումը բարդ գործ է։ Ֆրանսիան նվազագունի է հասցրել իր ներգրավվածությունը տարածաշրջանում, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տարածաշրջանի վերաբերյալ արտաքին քաղաքական լուրջ օրակարգ չունի»,- ասաց Դե Վաալը՝ ընդգծելով, որ այս պայմաններում առաջացած վակումը լրացնում է Ռուսաստանը։
Անդրադառնալով Ադրբեջանից հնչող ռազմատենչ հռետորաբանությանը՝ Դե Վաալն ասաց․ «Կարևոր է հասկանալ, որ Ադրբեջանը բաց հասարակութուն չէ, և մենք լսում ենք միայն պաշտոնական ձայնը, իսկ սովորական ժողովուրդը պատերազմ չի ուզում։ Բացի այդ, Ադրբեջանում լուրջ ֆրուստրացիա կա տարածքների կորստի հետ կապված»։
Դե Վաալն ասաց, թե պետք չէ այժմ խոսել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին․ «Եկեք չխոսենք Ղարաբաղի մասին։ Վերջիվերջո Ղարաբաղն ունենալու որևէ ձևի հայկական ինքնակառավարում, ինչպիսին էլ որ դա լինի։ Եվ քննարկել պետք է օկուպացված տարածքների հարցը։ Ֆրուստրացիան մեծանում է, երբ [ադրբեջանցիները – խմբ․] Հայաստանից ոչինչ չեն լսում տարածքների վերադարձի մասին»։
Նա հորդորեց Ռուսաստանի ներկայացրած կարգավորման ծրագիրը չկոչել Լավրովի պլան, քանի որ, ըստ Դե Վաալի, դրանք նույն Մադրիդյան սկզբունքներն են՝ որոշ փոփոխություններով։