Մեզ մտահոգում են ընտրողների ահաբեկման, քվեներ գնելու փորձերի մասին պնդումները. ՀՀ-ում ԵՄ պատվիրակություն

Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակությունը հաղորդագրություն է տարածել ապրիլի 2-ին ՝Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների մասին։ Հաղորդագրությունը ստորև.

«Վերջին մեկ տարվա ընթացքում Եվրոպական Միությունը, Միացյալ Նահանգները, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ընտրական գործընթացների հետ կապված Հայաստանին նշանակալի ֆինանսական ու տեխնիկական օժանդակություն են ապահովել, այդ թվում՝ սարքավորումներ, որոնք կօգնեն ազատ ու արդարացի խորհրդարանական ընտրությունների անցկացմանն ապրիլի 2-ին: Մենք գոհ ենք կիրակի օրը կայանալիք ընտրությունների համար նախատեսված ընտրողների նույնականացման սարքավորումների վերջին փորձարկումների արդյունքներից: Ուզում ենք գովեստով նշել Հայաստանի ընտրական գործընթացներին աջակցելու այս ծրագրի շրջանակում Հայաստանի կառավարության հանձնառու աշխատանքը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից դրա արդյունավետ իրականացումը՝ խիստ սեղմ ժամկետներում:

Մենք խորապես հավատացած ենք, որ այս քայլերը կնվազեցնեն քվեարկության օրը կեղծիքներ թույլ տալու հավանականությունը և կսահմանափակեն ընտրական գործընթացներին միտված միջամտությունները տեղամասերում: Մենք հստակ փաստում ենք, որ քվեարկությունը լինելու փակ և որ տեղամասերում տեղակայված նույնականացման սարքավորումներն ու տեսախցիկները նախատեսված չեն արձանագրելու ընտրողի քվեն: Մենք ողջունում ու պաշտպանում ենք վստահելի տեղական ու միջազգային դիտորդական նախաձեռնությունները, որոնց միջոցով Հայաստանի գրեթե բոլոր 2009 տեղամասերում կապահովվի դիտորդական ներկայություն՝ նպատակ ունենալով ապահովել ընտրությունների անցկացման վերաբերյալ հավասարակշռված և օբյեկտիվ վերլուծություններ:

Հարկ է նշել, որ ապրիլի 2-ի ընտրությունների վերաբերյալ մեր գնահատականը չի սահմանափակվելու միայն քվեարկության օրն իրականացված ընտրական ընթացակարգերի դիտարկմամբ: Մենք տեղյակ ենք և մեզ մտահոգում են ընտրողների ահաբեկման, քվեներ գնելու փորձերի ու որոշ մրցակցող ուժերի օգնելու նպատակով վարչական ռեսուրսի համակարգային կիրառման մասին պնդումները: Մենք շարունակում ենք հորդորել ընտրություններին մասնակից բոլոր կողմերին հավատարիմ լինել Հայաստանի ընտրական օրենսդրության տառին ու ոգուն և կոչ ենք անում համապատասխան իրավապահ կառույցներին ու ընտրական կառույցներին անկողմնակալ ու համոզիչ կերպով իրականացնել գործող օրենքները:

Հուսով ենք, որ ընտրությունների անմիջական արդյունքները ճանապարհ կհարթեն դեպի բարեկեցություն, խաղաղություն և առաջընթաց: Հայաստանի ժողովուրդն արժանի է դրան»:

Մեկնաբանել