2300 եվրո` «Արա Հարությունյանն ընդդեմ Հայաստանի» գործի վճռի պահանջները կատարելու նպատակով

Կառավարության մարտի 30-ի նիստի օրակարգում ընդգրկվել է հարց, որով 2300 եվրո է հատկացվելու արդարադատության նախարարությանը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Արա Հարությունյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2016 թվականի հոկտեմբերի 20-ի վճռի պահանջները կատարելու նպատակով։

Դիմումատուի շահերի պաշտպանը եղել է ԱԺ պատգամավոր, «Ելք» դաշինքի առաջնորդ Էդմոն Մարուքյանը։

2010-ին Արա Հարությունյանը դանակի հարված է հասցրել քաղաքացի Յ.Փ.-ին՝ վերջինիս կողմից ատրճանակի կիրառման սպառնալիքից հետո, որը կռվի ընթացքում նա խլել է։

Ատրճանակով հանդերձ՝ Հարությունյանը ներկայացել է ոստիկանություն, ապա ստորագրությամբ ազատ արձակվել, իսկ մի քանի ամիս անց՝ երկու ամսով կալանավորվել։ Իր կալանքի որոշումը Հարությունյանը վիճարկել է ներպետական ատյաններում, սակայն հաջողության չի հասել, իսկ ՄԻԵԴ վճռով սահմանվել է, որ Հարությունյանի իրավունքները ոտնահարվել են ու նրա կալանավորման համար բավարար հիմքեր չեն եղել։