ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել քառօրյա պատերազմի 23 գործ

Արցախի Հանրապետության քաղաքացիական բնակչության և զինծառայողների իրավունքների խախտումների առնչությամբ մի խումբ գանգատներից 23-ը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից վարույթ է ընդունվել, ինչը ուրախալի լուր է որակել Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Այս մասին գրում է «Արցախպրես»-ը։

Իրավաբան-իրավապաշտպանների խումբը Մարդու իրավունքների եվրոպական դատարան էր ներկայացրել 2016 թվականի ապրիլի 2-5-ը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով սկսված մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության քաղաքացիական բնակչության և զինծառայողների իրավունքների խախտումների առնչությամբ մի խումբ գանգատներ, որոնցից 23-ն արդեն վարույթ է ընդունվել:

Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ այն մեծածավալ աշխատանքի արդյունք է, որը կատարվել է փաստաբանական խմբի կողմից՝ ինչպես Արցախից, այնպես էլ Հայաստանից:

«Եվրոպական դատարանի պրակտիկայի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ եթե գործը քննվում է սովորական կարգով, ապա այն կարող է տևել մինչև 10-ը և ավելի տարիներ: Իսկ արագացված կարգով ընդունելու դեպքում ժամանակի առումով այն ավելի կարճ կլինի, բայց ոչ, ասենք, մի քանի ամիս: Ընթացակարգը հետևյալն է՝ նախ գործը ուղարկվում է պատասխանող կողմի կառավարությանը, տվյալ դեպքում Ադրբեջանին, և տրվում է բավական երկար ժամանակ, որպեսզի պատասխանատու կողմը ներկայացնի իր պատասխանը: Հետո ուղարկվում է դիմողներին՝ մեկնաբանելու պատասխանող կողմի պատասխանը և ներկայացնելու արդարացի փոխհատուցման վերաբերյալ իր պահանջները»,- ասել է Ռ. Մելիքյանը և հավելել, որ հետո նորից է ուղարկվում պատասխանող պետությանը, դրանից հետո՝ որոշակի ժամանակ անց, կայացվում է վճիռը:

Մանրամասներն ամբողջությամբ՝ «Արցախպրես»-ում։

Մեկնաբանել