Վանաձոր. վառ սրճարան չաշխատող գործարանների քաղաքում

Հրանուշ Մաշաքարյանն ու Սամվել Կիրակոսյանը որոշել են մի այնպիսի վայր ստեղծել Վանաձորում, որտեղ տեղացիները իրենց կզգան ինչպես տանը։ Այդ վայրը հայտնի է «Տուն» անվամբ։  


Անձրևը դադարել է, անամպ երկնքում հայտնված արևը լուսավորում է հյուսիսային Հայաստանի սարերի արանքում ծվարած այս գողտրիկ քաղաքը։ Վանաձորի շուկան զարթնում է քնից, խանութպանները բացում են իրենց խանութները և ցուցադրում ապրանքները։  

Քաղաքը կարծես անշարժացել է ժամանակի մեջ։ Խորհրդային ոճով կառուցված շենքերից ձգվող մետաղյա լարերից կախված է օրվա խոնավ լվացքը։

Փողոցներում դեռ 80-ականների արտադրության Լադաներն են, մայթերին՝ խորհրդային ոճով հագնված անցորդները։ Միայն կողք կողքի գտնվող Kentucky Fried Chicken-ն ու Ակբա բանկն են հուշում խորհրդային կարգերը թոթափած ազատ հանրության մասին, որը փորձում է մուտք գործել 21-րդ դար։

Ոճային նոր վայր

Բայց այս հնամենի քաղաքում զգացվում է արդիության թարմ շունչը։ «Տուն» սրճարանը վանաձորցիների առջև բացել է իր հյուրընկալ դռները մարտի սկզբին։ Մուտքի մոտ ծխում են քսանն անց երեք երիտասարդ՝ մորուքներով, կլոր ակնոցներով, կաշվե բաճկոններով և կիպ ջինսերով։ Ներս մտնելով՝ զգում ես թարմ ներկած պատերի հոտը։ Ոճային սրճարան-գրադարանի նպատակն է մարդկանց տրամադրել հարմարավետ մի անկյուն՝ զգալու, ինչպես տանը։ «Մեր քաղաքի հիմնական խնդիրներից մեկը զբաղվածությունն է։ Նկատի ունեմ՝ գրեթե բան չկա անելու։ Երբ երիտասարդները ուզում են հավաքվել, հանդիպում են մեկի տանը։ Այսուհետ նրանք կարող են գալ այստեղ, թեյել, սենդվիչ ուտել, գիրք կարդալ ու ժամանցային խաղեր խաղալ»,- ասում է 22-ամյա Մաշաքարյանը։

Գործազրկությունն ու միգրացիան

Խորհրդային ժամանակներում Վանաձորը հանրապետության հիմնական սրդյունաբերական կենտրոններից էր։ Գործում էին կտորեղենի արտադրամասեր, քիմիական գործարանը, շինանյութերի գործարան և կաթնամթերքի արտադրության ֆաբրիկա։ 1988թ. երկրաշարժից և 1991թ. ԽՍՀմ փլուզումից հետո գործարանների մեծ մասը դադարեց գործել։  

Հետևանքները կործանարար էին: Զանգվածային միգրացիան և գործազրկությունը հասան ահագնացող չափերի։ Ըստ Հայաստանի վիճակագրական ծառայության 2015թ. տվյալների՝ Լոռու մարզում գործազրկությունը հասնում է 16.2 տոկոսի, քաղաքացիների 36,2 տոկոսը ապրում է աղքատության շեմից ներքև, իսկ  2012-2015 թթ. վեց ընտանիքներից մեկը հեռացել է երկրից։

Ռոքի քաղաքը

«Տուն» սրճարանի մյուս համահիմնադիրը՝ 22-ամյա Սամվելը, բացատրում է քաղաքի ընդհանուր տրամադրությունը։ «Վանաձորը դեպրեսիվ քաղաք է։ Կանգուն են չշահագործվող գործարանների ավերակները։ Ամեն օր կիսաքանդ շենքեր տեսնելը ոչ միայն բացասաբար է ազդում մարդու տրամադրության վրա, այլև ծանր է անդրադառնում հանրության ու մշակույթի վրա»։ Մինչ Կիրակոսյանը պատմում է քաղաքի դժվար անցյալի մասին, մեր կողքի երիտասարդների մի խմբում ծիծաղն է պայթում։ Խաղեր են խաղում, գանգրահեր մի երիտասարդ ընկերոջը մեղադրում է խարդախության մեջ, նրանց կողքին լռելյայն շախմատ են խաղում երկու ընկերներ։ Ի հակադրություն քաղաքի վրա ծանրացած դեպրեսիվ մթնոլորտի՝ երկրի ամենահայտնի ռոք խմբերից մի քանիսը հենց Վանաձորից են՝ Լավ էլի, Լուսնելիուսը, Քլոքերը, Որդան կարմիրը․․․․  

«Մռայլ եղանակը տրամադրում է ռոք նվագելուն։ Երիտասարդները իսկապես ուրախ են «Տուն» սրճարանի նման մի վայր ունենալու համար, դրա կարիքն իսկապես կար»,- ասում է Քլոքեր խմբի անդամ Ալբերտը։ Ապրիլի 1-ին սրճարանում նախատեսվում է անցկացնել ռոք համերգ տեղական նոր խմբի՝ Ջերմի մասնակցությամբ։

Անձրևի, ռոքի ու մեռած գործարանների գորշության սպիները կրող այս քաղաքում կա «Տունը», որի պատին գրված է. «Տունը կառույցը չէ, տունը մարդն է»։ Այցելի’ր նրանց և վայելի’ր մի բաժակ տաք թեյ ու լոռվա հյուրընկալություն։

Անի Փայտյան

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Read the story in English.