Լուկաշենկոն ասում է՝ չի ուզում վիճել ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի հետ

Պաշտոնական Երևանը հերքում է ԵԱՏՄ գործընկեր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ օրերս արված հայտարարությունը, որ Երևանը ոչինչ չի արել բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումից առաջ՝ ոչ մի անգամ չդիմելով իրեն:

«Մենք Բելառուսի հետ այս հարցը մի քանի անգամ տարբեր մակարդակներով բարձրացրել ենք»,- Tert.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:

Մարտի 28-ին Լուկաշենկոն Մինսկում՝ իր դիվանագիտական ծառայությունն ավարտող Հայաստանի նախկին դեսպան Արմեն Խաչատրյանի հետ հրաժեշտի արարողությանը, ասել էր, որ Հայաստանը Մինսկից Բաքու արտահանձնված բլոգեր Ալեքսանդր Լապշինի հարցով իրեն երբեք չի դիմել։

«Լսեք, ի՞նչ կապ ունի այստեղ Հայաստանը։ Հայաստանը Լապշինի մասին ինձ երեբք ոչինչ չի ասել։ Նա հետախուզում էր հայտարարվել մեկ այլ երկրի՝ Ադրբեջանի կողմից։ Երբ նրան այստեղ ձերբակալեցին, ես մտածեցի՝ ինչո՞ւ են նրան այստեղ ձերբակալել։ Թող գնար՝ ուր ուզում էր։ Բայց ձերբակալեցին։ Ինտերպոլը տեղյակ էր։ Մենք տեղեկացրինք ինչպես հարկն է, որպես օրինապաշտներ։ Ո՞ւմ պետք է նրան հանձնեինք։ Նրան, ով հետախուզում էր հայտարարել»,- ասել է Բելառուսի նախագահը։

Նա ևս մեկ հայտարարություն է արել՝ կապված Մինսկի՝ Բաքվի և Երևանի հետ ունեցած հարաբերությունների հետ։

«Մենք [Բելառուսն ու Հայաստանը – խմբ․] եղել ենք և մնում ենք մոտ ժողովուրդներ։ Ադրբեջանին Հայաստանը տարբեր կերպ է վերաբերվում, սակայն նա նույնպես մեզ մոտ ժողովուրդ է․․․ Ինչո՞ւ պետք է մենք վիճենք Հայաստանի կամ Ադրբեջանի հետ։ Հնարավոր է՝ Ադրբեջանին կամ Հայաստանին երբևիցե պետք գանք․․․ Հետևաբար ինչու ես մտնեմ այնտեղ, որտեղ ինձ չեն խնդրում․․․»,- Լուկաշենկոյի խոսքերը բերել է Բելառուսի նախագահական մամուլի ծառայությունը։

***

Փետրվարի 7-ին Բելառուսը Ադրբեջանին էր արտահանձնել Ռուսաստանի, Ուկրաինայի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին, որի նկատմամբ Ադրբեջանը հետախուզում էր հայտարարել և քրեական գործ հարուցել Արցախ ապօրինի այցելության համար։ Թեև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ Լապշինը գտնվում էր միջազգային հետախուզման մեջ, Ինտերպոլի գլխավոր քարտուղարությունից Հայաստանի հարցմանն ի պատասխան հայտնել էին, որ Լապշինը Ինտերպոլի հաշվառումներով երբեք չէր անցել, միջազգային հետախուզման մեջ երբեք չէր եղել։

Ալեքսանդր Լապշինի արտահանձնումից առաջ Մինսկում մեծ մամուլի ասուլիսի ժամանակ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել էր, որ բլոգերին չարտահանձնելու համար «հիմքեր չունի», և դա անելու է միջազգային համաձայնագրերի համաձայն։ Ներկայում Ալեքսանդր Լապշինը գտնվում է Բաքվի մեկուսարանում։

Ալեքսանդր Լապշինի արտահանձնումից հետո Բելառուսում ՀՀ արդեն նախկին դեսպան Արմեն Խաչատրյանը հայտարարել էր, որ հայկական կողմը զբաղվել է Լապշինի հարցով, սակայն Բելառուսն «անտեսել է այդ քայլերը»։

Կարդացեք նաև՝ Բելառուսը նավթ է գնում Իրանից։