Սիրիայում հայ-ռուսական միացյալ զորախմբի օգտագործման հարցը չի դիտարկվում․ Վիգեն Սարգսյան

Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան Սիրիայի ռազմական գործողություններում օգտագործելու հարց չի դիտարկվում․ մարտի 29-ին ռուսաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ ՊՆ ղեկավար Վիգեն Սարգսյանը։

«Հայ-ռուսական միացյալ զորախմբի օպերատիվ ծրագրերով չեն նախատեսվում համատեղ գործողություններ Սիրիայում։ Մեր միջև նման երկխոսություն չի տարվում»,- ասել է պաշտպանության նախարարը։

Նա հավելել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը գործուն կերպով համագործակցում են Սիրիա մարդասիրական բեռների առաքման հարցում, կան նաև այնտեղ համատեղ մարդասիրական գործողություններ անցկացնելու ծրագրեր։ 

Հիշեցնելով, որ Սիրիայում, ինչպես Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում, առկա է մեծ հայկական համայնք, Վիգեն Սարգսյանն ասել է, որ սիրիական իրավիճակի առնչությամբ ՀՀ բոլոր գործողություններում մշտապես հաշվի է առնվում այդ գործոնը։