Այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում, սարսափելի է․ Էլթոն Ջոնը՝ Հայոց ցեղասպանության մասին

Աշխարհահռչակ երաժիշտ Էլթոն Ջոնը Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել, որում Հայոց ցեղասպանությունը որակել է «սարսափելի»։

«Ես ուրախ եմ ազդարարել «Խոստումը» ֆիլմի թողարկումը՝ պատմություն Առաջին աշխարհամարտի սկզբին տեղի ունցած Հայոց ցեղասպանության մասին։ Այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում, սարսափելի էր։ Դա սխալ էր։ Եկեք պահենք #Խոստումը՝ երբեք չմոռանալ և առաջ տանել մարդու իրավունքները՝ որտեղ լինենք, ինչպես կարողանանք», – գրել է երաժիշտը՝ տեղեկացնելով, որ ֆիլմից ստացված ողջ հասույթը կուղղվի բարեգործությանը։

Փետրվարի վերջին Լոս Անջելեսում Էլթոն Ջոնի գլխավորությամբ անցկացված դրամահավաք ճաշկերույթի ժամանակ ցուցադրվել էր «Խոստումը» ֆիլմը: Հայոց ցեղասպանության մասին պատմող ժապավենի ցուցադրությանը ներկա են եղել հոլիվուդյան հարյուրավոր աստղեր։

«Ոչ ոք չի մոռացվում․ հենց դա է տեղի ունեցել Հայոց ցեղասպանության դեպքում»,- ասել էր Ջոնը։

«Խոստումը» ֆիլմի նկարահանման ծախսերը հոգացել է ամերիկահայ գործարար, միլիարդատեր Քըրք Քըրքորյանը։ Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը ֆիլմի եզրափակիչ մասի երաժշտության համահեղինակն է։

Ֆիլմի գովազդային արշավին միացել է նաև հայտնի թենիսիստ, հայկական ծագում ունեցող Անդրե Աղասին։ Թվիթերի միկրոբլոգում հրապարակված տեսանյութում Աղասին կոչ է անում օգնել իրեն պահել Քըրքի «խոստումը»։

Մեկնաբանել