Ընտրություններին մասնակցելու որոշումը կարևորվեց «Սասնա ծռեր»-ից հետո․ Սերժ Թանկյան

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունն այսօր ասուլիս էր հրավիրել Սերժ Թանկյանի, Արսինե Խանջյանի, Ատոմ Էգոյանի և Էրիկ Նազարյանի մասնակցությամբ։ Նրանք ներկայացրին, թե ինչու են որոշել գալ որպես դիտորդ Ապրիլի 2-ի կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ ՍիվիլՆեթը գրի է առել նրանց որոշ հայտարարություններ։

 Սերժ Թանկյան, System of a Down խմբի հիմնադիր

Մեզ համար մեծ պատիվ է այստեղ լինել և այս ընտրություններին մասնակցել որպես դիտորդ։ Մեր ներկայությունը կարևոր չէ, կարևորը բոլորի ներկայությունն է։ Ընտրություններին մասնակցելու քայլը սկսվեց ստորագրահավաքից հետո, երբ մի խումբ արտիստներով միահամուռ հավաքվեցինք և որոշեցինք, որ պետք է այս քայլն անել և մասնակցել Հայաստանի ընտրություններին։

Ընտրություններին մասնակցելու քայլը կարևորություն ստացավ «Սասնա ծռեր»-ի դեպքից հետո։ Հայաստանում տեղի ունեցող անարդարությունների դեմ պայքարի մի ձև ենք համարում Հայաստանի ընտրություններին որպես դիտորդ մասնակցելը։ Տարիների անարդարությունը, որը Հայաստանն ունեցել է և անտարբերությունը, որը հանրության կողմից է զգացվում պիտի դադարեցվի։
Որպես «Արդարություն Հայաստանում» նախագծի գլխավոր անդամներից մեկը՝ համարում եմ, որ սա կարող է Սփյուռքի ամենափոքր մասնակցությունը լինել Հայաստանի ներքաղաքական վիճակին։

Ատոմ Էգոյան, կինոռեժիսոր

Ես մեր երկիրը շատ եմ սիրում և պետք է ասեմ, որ երկրի ոսկորները շատ խորն են և ուժեղ։ Այսօր երաժշտական դպրոցներից մեկի միջանցքով քայլում էի և լսում էի, այն ստեղծագործական շունչը, որ կար այնտեղ։ Եվ հասկանում էի, որ այդ փոքր վայրում, ես կարողանում էի լսել հայ երիտասարդների գեղեցիկ շունչը։ Մենք հնագույն հպարտ ազգ ենք և բավականին ուժեղ, բայց պիտի համարենք, որ ժողովրդավարությունը մկանի պես է և պետք է մարզվի, որ ուժեղանա։

Մենք չենք կարող այս սխալն անել և հավատալ, որ մեկ կուսակցական համակարգով հնարավոր է առաջ քայլել։ Առանց մեր ներքին ձայնի և հոգևոր շնչի, չենք կարող հավատալ, որ այդպես կարելի է առաջ գնալ։ Եվ այս ամենի ապացույցն է, որ Հայաստանը լքում են շատերը՝ ստեղծված անարդար իրավիճակի արդյունքում։
Մենք բռնակալությունը պետք է թողենք, այն ամբողջ բռնակալությունը, որ մեր մեջ կա, պետք է ձերբազատվենք դրանից։ Որոշումը, որ կիրակի օրը ընտրության չպետք է մասնակցենք, կարելի է համարել բռնակալություն, դա կոչվում է ինքնաբռնակալություն։ Դա նշանակում է, որ մենք չունենք մեր ձայնը։
Հնարավոր է ենթադրել, որ ընտրությունները խախտվելու են, մենք արդեն տեսել ենք փաստեր, որ ձայներ են գողացվել ընտրական տեղամասերում՝ ընտրական կոռուպցիայի արդյունքում։ Մենք չենք եկել, որպեսզի կիրակի օրվա ձայները պահենք, մենք այստեղ ենք ապագայի համար։ Մենք այստեղ ենք այն բանի համար, որ հրաշալի երիտասարդ ղեկավար անձինք կարողանան Հայաստանի ժողովրդավար դարձնել։

Պետք է զարգացնենք մեր ժողովրդավար մկանը մեր հնագույն և հրաշագեղ ոսկորի շուրջ։ Մենք չպետք է զոհ դառնանք բռնակալության, ինքնաբռնակալության և անտարբերության։

Արսինե Խանջյան, դերասանուհի

Մենք Հայաստանի քաղաքացիներ չենք և չենք կարող քվեարկել, բայց որպես դիտորդ ունենք այդ կարելիությունը։ Մենք որոշեցինք՝  ժամանակն է, որ ինչ-որ ձևով հղանանք այս նոր մոտեցումը, որ հայը, ով ապրում է Սփյուռքում և  հայը, ով ապրում է հայրենիքում, ունենան իրենց անհատական որոշումի ոչ միայն կարիքը, այլև կարիելիությունը։

Էրիկ Նազարյան, ռեժիսոր

Ես Հայաստանում եմ ծնվել, չորս  տարեկանից մեծացել եմ Ամերիկայում, հաճախ եկել եմ իմ հայրենիք, բայց գնալով ինձ աքսորված եմ զգում՝ որպես սփյուռքահայ։ Չնայած պետք է հակառակ զգացումը լիներ։ Տարիների ընթացքում շատ էի տեսնում ապատիա, 25 տարի է՝ վատ լուրը՝ վատ լուրի վրա։

Մենք ուզում ենք հասկանալ, թե այս ընտրության պրոցեսն ինչպես է կատարվում, մեխանիզմը ոնց է, ինչ թերություններ կան, ինչ հնարավորություններ կան։