Ադբեջանի առաջին նախագահը ողջունել է Տեր-Պետրոսյանի՝ հայ ժողովրդին հղած մեսիջները

Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը (1990—1992թթ․) ողջունել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունները՝ կապված ղարաբաղյան կարգավորման հետ։

Մութալիբովն ասել է, որ Տեր-Պետրոսյանին ճանաչում է որպես «պրագմատիկ քաղաքական գործիչ», և եթե նա նման հայտարարություններ է անում, ուրեմն հասկանում է, որ «Հայաստանի զարգացման ճանապարհը Ադրբեջանի հետ խաղաղության միջով է անցնում»։

Այազ Մութալիբովը նշել է, որ «խաղաղությունն անհրաժեշտ է երկու երկրներին էլ, և ուրախալի է, որ Տեր-Պետրոսյանն այդ մեսիջը հղում է հայ ժողովրդին»։

ՀՀ առաջին նախագահին գնահատելով որպես «շատ խելացի մարդ»՝ Մութալիբովն ասել է, որ «պետք չէ մերժել նրա մեկնած ձեռքը»։

«Միշտ կարծել և կարծում եմ, որ խաղաղ համագոյակցությանն այլընտրանք չկա։ Այստեղ պետք է և մեր, և հայկական կողմի քաղաքական կամքը՝ այդ ցավոտ խնդիրը լուծելու համար։ Մեր փոխարեն ոչ ոք այդ հարցը չի լուծելու՝ ոչ ԵԱՀԿ Մինսկի խումբը, ոչ որևէ այլ խումբ։ Մենք բոլորս պետք է մեր ժողովուրդներին պատրաստենք խաղաղության»,- նշել է Ադրբեջանի առաջին նախագահը։

***

Օրերս ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման հյուրն էր։ Առաջին նախագահը խոսեց իր ղեկավարած Կոնգրես-ՀԺԿ դաշինքի առաջ քաշած խաղաղության ծրագրի մասին, որով իրենք մասնակցում են խորհրդարանական ընտրություններին։ Արցախյան հիմնախնդրին անդրադառնալով՝ Տեր-Պետրոսյանն ասաց, որ որևէ կողմի համար իդեալական լուծում չի լինելու։