Ահազանգ՝ կաշառված քաղաքացիներին բաժանում են տարատեսակ տարբերանշաններ

ՀՀԿ-ի համար աշխատող կեղծարարները կաշառված քաղաքացիներին բաժանում են տարատեսակ տարբերանշաններ՝ համարակալած թղթերի, թափանցիկ ստիկերների, տարբեր գույների թելերի տեսքով՝ պահանջելով քաղաքացիներից քվեաթերթիկի հետ դրանք տեղադրել ծրարների մեջ՝ վերահսկելու համար նրանց քվեարկության բովանդակությունը, ահազանգում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը ահազանգեր է ստանում քաղաքացիներից, որ համատարած ընտրակաշառքներին զուգահեռ ՀՀԿ-ի համար աշխատող կեղծարարները կաշառված քաղաքացիներին բաժանում են տարատեսակ տարբերանշաններ՝ համարակալած թղթերի, թափանցիկ ստիկերների, տարբեր գույների թելերի տեսքով՝ պահանջելով քաղաքացիներից քվեաթերթիկի հետ դրանք տեղադրել ծրարների մեջ՝ վերահսկելու համար նրանց քվեարկության բովանդակությունը: Սա քվեարկության գաղտնիության սահմանադրական նորմի կոպիտ խախտում է»,- գրել է Սաքունցը։

Նա նշել է, որ իրենք ՕՐՕ դաշինքի վստահված անձանց առաջարկել են հաշվարկի ժամանակ արձանագրել յուրաքանչյուր նման դեպք գրանցամատյանում և ներկայացնել հատուկ կարծիք՝ այդ տեղամասերի արդյունքների բողոքարկման նպատակով:

Բացի այդ, ՕՐՕ-ի շտաբը տեղեկություններ է ստացել, որ մի քանի հիվանդանոցներից, մասնավորապես՝ «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն («Մասիվի հիվանդանոց»), Մալաթիայի հիվանդանոց, հիվանդներին առողջանալուց և փաստացի դուրս գրվելուց հետո պաշտոնապես դուրս չեն գրում՝ նրանց քվեարկությունը հիվանդանոցներում շրջիկ արկղերով, ըստ էության՝ բաց կազմակերպելու նպատակով:

«Մենք պահանջում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովից անհապաղ, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցչի, ինչպես նաև, ցանկության դեպում՝ ընտրապայքարին մասնակցող այլ ուժերի ներկայացուիչների մասնակցությամբ ստուգումներ իրականացնել նշված հիվանդանոցներում՝ պարզելու ստացիոնար բուժման մեջ գտնվող փաստացի առկա և գրանցված հիվանդների թվերը: Վերջապես, մեր աղբյուրները ՀՀԿ մի քանի շտաբերից հաղորդում են, որ պլանավորված է վաղը առավոտյան մինչեւ 10:00-ը շոշափելի խախտումներ, այլ անձանց փոխարեն քվեարկություններ իրականացնել ընտրատեղամասերում, ինչի նպատակով բազմաթիվ տեղամասերում էլեկտրոնային սարքերը ժամանակավորապես անսարք վիճակի են բերվելու: Ապրիլի 2-ին նման դեպքեր տեղի ունենալու դեպքում՝ մենք կկարողանանք պնդել, որ սա պլանավորված և համակարգային զանգվածային ընտրախախտում է՝ ուղղված ընտրությունների արդյունքը հօգուտ ՀՀԿ-ի խեղաթյուրելուն»,- ասված է ՕՐՕ դաշինքի հայտարարությունում:

Մեկնաբանել