Կարեն Կարապետյանը պնդում է՝ այս ընտրություններն անցկացվեցին ավելի բարձր մակարդակով, քան նախորդ տարիներին

ՀՀ վարչապետ, Հանրապետական կուսակցության առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանը կարծում է, որ յս ընտրություններն անցկացվեցին ավելի բարձր մակարդակով, քան նախորդ տարիներին: Այս մասին ասված է նրա հայտարարությունում։

Ապրիլի 2-ին տեղի ունեցան հերթական խորհրդարանական ընտրությունները: Հանրության բոլոր հատվածների համար անվիճելի է, որ այս ընտրություններն անցկացվեցին ավելի բարձր մակարդակով, քան նախորդ տարիներին:
Շնորհակալ եմ ընտրությանը մասնակցած ՀՀ բոլոր քաղաքացիներին իրենց ակտիվ և պատասխանատու քաղաքացիական դիրքորոշումը դրսևորելու համար: Այն քվեն, որ ստացել է մեր թիմը, պարտավորեցնում է: Մենք հստակորեն գիտակցում ենք այն պատասխանատվությունը, որը ստանձնում ենք և հաստատակամ ենք ժողովրդի կողմից մեզ տրված փոփոխությունների մանդատը կյանքի կոչելու:

Առջևում մեզ սպասվում է հետևողական և քրտնաջան աշխատանք: Անկասկած, անելիքները շատ են, սակայն մենք չենք վախենում դժվար ճանապարհից: Կարող են ամպագոռգոռ հնչել խոսքերս, բայց ասում եմ սրտիս խորքից:
Խոսք եմ տալիս չխնայել ջանք ու եռանդ, որպեսզի ստեղծենք ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ, որպեսզի մեր երկրի ամեն քաղաքացի իրեն ավելի լավ զգա, քան նախկինում:

Մեկնաբանել