Սերժ Թանկյանը հուսով է, որ իր մենահամերգն Արցախում չի ուշանա․ այս մասին նա ասել է «Արցախպրես»-ի հետ զրույցում։
System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանն Արցախում այցելել է զորամաս, ապա մասնակցել Հադրութի շրջանի Առաջամուղ գյուղում նոր բնակարանների հանձնման հանդիսավոր արարողությանը:
«Ես շատ կցանկանայի մի օր էլ գայի Արցախ նվագեի, և եթե կարողանամ ուրիշ արվեստագետներ էլ հետս բերեմ: Հիմա ամենակարևորն Արցախի մասին խոսելն է և այն ներկայացնելը տարբեր վայրերում և մարդկանց: Պետք է բոլորն իմանան, որ Արցախը շատ գեղեցիկ երկիր է, և այստեղի ժողովուրդը բոլորին սպասսում են ժպիտներով և մեծ սիրով: Հուսով եմ, որ իմ մենահամերգն Արցախում չի ուշանա»,- ասել Թանկյանը:
«Իրապես շատ հուզված և հպարտ եմ՝ տեսնելով Հադրութի շրջանի սահմանամերձ Առաջամուղ գյուղի նոր բնակարանների հանձնման այս պահը: Ընկերոջս՝ Ատոմ Էգոյանին ասում էի, որ տարբեր միջոցառումների բացման եմ մասնակցել, բայց սա ամենահուզիչն էր ինձ համար, որովհետև այստեղ հայ ընտանիք պետք է ապրի, որի համար մենք շատ ուրախ ենք»,- ասել է Ս. Թանկյանը և ընդգծել, որ իրենք հաճույքով պետք է մի ծրագիր կազմակերպեն Արցախում:
Թուֆենկյան հիմնադրամի նախաձեռնությամբ, ապրիլի 3-ից եռօրյա այցով Արցախում են անվանի սփյուռքահայ արվեստագետներ Սերժ Թանկյանը, Արսինե Խանջյանը, Ատոմ Էգոյանը և Էրիկ Նազարյանը:
Նախօրեին Արցախում հրավիրված ասուլիսին Թանկյանին կրկին հարցրել էին, թե երբ է համերգ տալու այնտեղ։