Սկսենք այլ Հայաստանի փնտրտուքը

Թանկացա՞վ շաքարավազը: Իսկապե՞ս: Չի կարող պատահել: Բանա՞նը: Դե դա արդեն հերյուրանք է: Դա այն մահամերձ փոքրամասնության հերյուրանքն է, որը ոչ մի ընտրակաշառք չի վերցրել: Ընդհանրապես ինձ դուր չի գալիս ընտրակաշառք չվերցնողների դժգոհությունը վերցրածներից:

Ի՞նչ վատ բան կա Հայրենիքը, Հայաստանը ծախելու մեջ: Ասեք նրանց: Նրանք չգիտեն: Եթե էդ Հայրենիքն արժե 10 հազար դրամ, ինչու՞ չծախել: Հատկապես եթե քեզանից չեն գնում: Պարզապես քեզ ասում են՝ էս քեզ 10 հազար դրամ ու դու էս մեռած հոգու՝ էս Հայաստանի հետ գործ չունես՝ արտագաղթիր կամ սսկվիր տեղդ: Ինքը հաջորդ օրն արթնանում ու տեսնում է, որ շաքարավազն ու բանանը թանկացել են ու չի գտնում, իսկապես չի գտնում կապը իր 10 հազար դրամի ու պետության անդունդ գլորվելու միջեւ: Ես էդ կապը տեսնում եմ, բայց ինչու՞ մեղադրեմ մարդուն, որը շտապում է իր հնդկական սերիալը նայելու: Ո՞ր պահին մեղադրեմ նրան, որ պահին նրա ուշադրությունը հրավիրեմ, եթե էդ սերիալն ավարտ չունի: Եվ, ի վերջո, ինչու՞ մեղադրեմ: Մարդիկ ծախում են այն ամենը, ինչը հնարավոր է ծախել: Եթե իրենց երեխաներն էլ վաճառքի ենթակա լինեին, կծախեին: Չէ՞ որ իրենցից ոչ ոք չի ասում, որ էդ փողը վերցրել է երեխաների համար: Կնշանակի էդ ոչ թե Հայրենիքի գինն էր, այլ հենց երեխայի: Խելքները հացի հե՞տ են կերել երեխայի վրա էդ գինը դնեն: Հայրենիքի վրա դնելն անվտանգ է, պատասխան պահանջող չկա: Դե որովհետեւ էդ Հայրենիքը չկա: Հլը չի արտագաղթել, որ անունը դնի Հայրենիք: Հլը որ դա Հայաստանն է, իսկ Հայաստանը ծախելը ի՞նչ մի տաժանակիր գործ է: Գնացեք եւ խոսեք երիտասարդների հետ: Ոչ՝ մայրերի, ոչ տատիկների կամ պապիկների:

Գնացեք եւ խոսեք երիտասարդների հետ: Նրանք ավելի ծեր են, քան՝ իրենց տատիկները կամ պապիկները: Նրանք նեղություն չեն կրում հասկանալու, թե ընդամենը 27 տարի առաջ ինչ Հայաստան է եղել: Նրանք այլ Հայաստան չեն տեսել: Ինչ աչքերը բացել են, այս Հայաստանն է եղել: Նրանց ծնողներն անընդհատ ընտրակաշառք են վերցրել, նրանց ուսուցիչներն ընտրություն են կեղծել եւ դեռ սպառնացել են ծնողներին ընտրություններից առաջ դպրոց ներկայանալ անձնագրերով: Ծնողների մոտ հարցեր չեն առաջացել: Բանանի թանկացումն ի՞նչ: Չեն ուտի կամ թանկ կառնեն: Ի՞նչ խնդիր: Բանանը գին ունի, իսկ Հայաստանը չունի: Եթե դա մտահոգում է նրանց, գուցե կրկին իջեցնեն բանանի գինը: Հետո՞: Միայն թե ասեք՝ նրանք ունե՞ն գիտակցումը, որ այսպիսի Հայաստանը երկար կյանք չունի, եթե իհարկե եղածը կյանք է: Մոռացեք Հայաստանի մասին: Այն նույնիսկ սկուտեղի վրա թշնամուն մատուցելու տարածք չէ: Ու սա չարությամբ կամ խղճահարությամբ չի ասվում: 5 տարի հետո ժողովուրդը կրկին նույնն է անելու: Նույնն է անելու արդեն Երեւանի ավագանու ընտրություններում:

Փողոցային դժգոհությունների մասին մոռացեք: Քանի դեռ արտագաղթը ճանապարհ է սեփական դժգոհությունը պարպելու, մարդիկ շատ հանգիստ, առանց աչք թարթելու թողնելու են գնան: Մուննաթով, թե առանց մուննաթի, բայց գնալու են: Ու ավելի ակտիվ: Ի վերջո ինչի՞ց դժգոհեն: Ի՞նչ ընդհանուր բան կա կյանքի վատացման եւ կաշառքով քվե տալու միջեւ: Հարցրեք ցանկացած ընտրակաշառքով քվեարկողի: Իսկապես չի կարող ասել: Որովհետեւ ամեն ինչն է ընտրակաշառք այս Հայաստանում, ամեն ինչը՝ հնդկական սերիալը, Թանկյանի հետ լուսանկարը, գազի գինը չբարձրացնելը: Ամեն ինչը: Նույնիսկ հաջորդ օրն առանց փորացավի արթնանալն ընտրակաշառք է, ինչ-որ մեկի ողորմածությունը: Ահա ինչու 10 հազար դրամը ընտրակաշառք չէ: Դուք ասում եք՝ բանանը թանկացել է, եւ հույս ունեք, որ ընտրակաշառք վերցնողը կարմրելու է իր արածի համար: Նա չի կարմրելու եւ չպետք է կարմրի, եւ իրավունք էլ չունի կարմրելու, եւ բարոյական էլ չէ կարմրելը: Այսինքն, ինչի՞ համար կարմրի՝ Հայաստանը վերացնելու՞: Էդ մարդուն ցույց տվեք էն Հայաստանը, որը Ադրբեջան չէ: Ցույց տվեք, թող կարմրի: Չեք կարող: Ադրբեջանում էլ են հնդկական սերիալ նայում, Հայաստանում էլ: Դրանից հետո ինքը ի՞նչ մտածի՝ թե սեփական քվեն զե՞նք է: Ու՞մ գլուխը ջարդի էդ զենքով, եթե եղած-չեղածը «պտիչկա» է:

Վերջ, ընկերներ: Նույնիսկ փաթեթավորվող եւ վաճառվող Հայաստանը Հայաստան է: Այսօր դու չունես, գրեթե չունես այն հայաստանցուն, որը թեկուզ բանաստեղծության մեջ կփաթեթավորի Հայաստանը: Ինքը չի շոշափում այս հողը, ինքը ծախելու Հայաստան չունի, որովհետեւ,- հիշեք սա,- կաշառքով քվե կորզելը եւ քիթը ջարդելով տունը թալանելը նրա համար նույն բանը չէ: Բայց կաշառքով քվե կորզելը եւ տունը չթալանելը նույն բանն է: Որովհետեւ, համենայնդեպս, ոչինչ չկորցրեց: Քվե է, էլի, շառից փորձանքից հեռու տանք, հատկապես, որ քվեն փող է: Սկսենք այլ Հայաստանի փնտրտուքը: Սկսենք, գուցե դա մեզ հեռու տանի՝ ոմանց սահմաններից հեռու, ոմանց էլ՝ եթե խորանալու տեղ կա, սեփական ներաշխարհի խորքերը: Տեսնենք էնտեղ գոնե մի արդար գերեզմանի տեղ կա՞, որի վրա կխարսխվի ապագա Հայաստանը:

Մեկնաբանել