Միքայել Մինասյանը, նրա աները մեր թիկունքին չեն կարող կանգնել, միայն մեր ստվերում․ Փաշինյանը հակադարձում է Մարտիրոսյանին

«Ելք» դաշինքի առաջնորդներից Նիկոլ Փաշինյանը արձագանքել է ՕՐՕ դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի այն հայտարարությանը, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը կանգնած է ընտրություններում հաղթած «Ելք»-ից մեկի թիկունքում։ Փաշինյանը գրում է, որ «Միքայել Մինասյանը, նրա աները կամ նրանց նման որևէ մեկը իրենց թիկունքին չեն կարող կանգնել, կարող են կանգնել միայն իրենց ստվերում»:

«Արմեն Մարտիրոսյանն ու Հովսեփ Խուրշուդյանը հայտարարել են, թե ԵԼՔ դաշինքի թիկունքին կանգնած է Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը:

ԵԼՔ դաշինքի թիկունքին կանգնած ավելի քան 120 հազար մարդուն չնկատող և դրա փոխարեն փեսա տեսնող ցանկացած ոք ուշադրության և քնքշանքի ակնհայտ պակաս ունի և նմանվում է զոքանչի կողմից դուրս վռնդված տնփեսայի:

Միքայել Մինասյանը, նրա աները կամ նրանց նման որևէ մեկը մեր թիկունքին չեն կարող կանգնել, կարող են կանգնել միայն մեր ստվերում:

Բայց թերևս «Ժառանգությունը» Վատիկանից նոր աղոթագիրք է ստացել ու իրենց հին ու նոր զորավարների հետ իր քաղաքական հոգեհանգստի աղոթքն է կարդում: Աղոթեք, Մարտիրոս, աղոթեք, հարյուր հազարավոր քվեները զրո դարձրածի կռուտիտի աղոթքը:

Ի դեպ, Հովսեփ Խուրշուդյանը և Արմեն Մարտիրոսյանը կարիք ունեն բացատրելու. ինչու՞ է օրինակ Անդրիաս Ղուկասյանը մինչև հիմա բանտում, իսկ իրենք ազատության մեջ: Մի՞թե այն պատճառով, որ իրենց թիկունքին Միքայել Մինասյանը ամենևին կանգնած չէ:

Հ.Գ. Սիրելի օգտատերեր, եթե չգիտեք, թե ովքեր են Արմեն Մարտիրոսյանը և Հովսեփ Խուրշուդյանը՝ առանց վոյևէ երկմտանքի կարող եք դիմել Միշիկ&Սաշիկ առանց որևէ պատասխանատվության ընկերության տեղեկատվության բաժին»:

Մեկնաբանել