Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) պատվին պետք է արձան կանգնեցնել, եթե այն լուծեր Մերձդնեստրի, Լեռնային Ղարաբաղի կամ Դոնբասի խնդիրները․ այս մասին «Միր» հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Եթե մենք ԱՊՀ-ի շրջանակում լուծեինք մերձդնեստրյան, ղարաբաղյան, Դոնբասի խնդիրները, ապա եվրասիական տարածքի կենտրոնում մի տեղ կարելի էր ԱՊՀ-ի պատվին արձան կանգնեցնել։ Սակայն մենք դա չենք անում։ Եվ հաճախ չենք անում ոչ թե, որովհետև չի կարելի, այլ որովհետև տարբեր շահեր են։ Իսկ խնդիրը պետք է լուծել»,- ասել է Լուկաշենկոն՝ հավելելով, որ «անհրաժեշտ է ելնել մարդկանց շահերից»։
«Լեռնային Ղարաբաղում, ի՞նչ է, մարդիկ լա՞վ են ապրում՝ անընդհատ ենթարկվելով ռազմական որոշակի խնդիրների։ Նրանք պարզապես ապրում և սպասում են, որ վաղը մի բան տեղի կունենա, Աստված մի արասցե, գլխին ռումբ կընկնի։ Դա նորմա՞լ է։ Դա աննորմալ է։ Ո՞ւմ է դա ձեռնտու։ Ոչ ոքի»,- ասել է Լուկաշենկոն։
Նրա համոզմամբ՝ պետք է լուծել ԱՊՀ-ում առկա հարցերը «նախքան ապագային հայացք հառնելը» և լուծելով այդ խնդիրները՝ կերևան նոր ռազմավարական ուղղություններ, որոնցով կարելի է գործել։
Կարդացեք նաև՝ Լուկաշենկոն ասում է՝ չի ուզում վիճել ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի հետ։