Կկայանա՞ արդյոք ռուս-ամերիկյան «մեծ գործարք»․ Թիլերսոնի մոսկովյան այցին ընդառաջ

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն այսօր կայցելի Մոսկվա։ Դա կլինի նրա առաջին այցն այդ պաշտոնում։ Վաղը կայանալու է նրա հանդիպումը ՌԴ պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ։ Ինչպես գրում է ռուսաստանյան «Կոմերսանտ» թերթը, հղում անելով Կրեմլին մոտ կանգնած իր աղբյուրներին, ապրիլի 12-ին նախատեսված էր Թիլերսոնի հանդիպումը նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն երեկ նրա խոսնակ Դմիտրի Պեսկովը լրատվամիջոցներին ասել է, որ Պուտինի ժամանակացույցում նման հանդիպում չկա։ Այդուհանդերձ, «Կոմերսանտ»-ի աղբյուրները չեն բացառում, որ պետքարտուղարը կայցելի Կրեմլ։ Ռուս-ամերիկյան բանակցությունների օրակարգի թիվ մեկ հարցերից է բարձր մակարդակի հանդիպման նախապատրաստությունը, որը լինելու է առաջինը Սպիտակ տան տիրոջ փոփոխությունից հետո։ Նման հանդիպում, ինչպես ակնկալվում է, կարող է կայանալ հուլիսից ոչ ուշ։

Անցյալ շաբաթ ամերիկյան ռազմածովային ուժերի կողմից Միջերկրական ծովում սիրիական «Շայրաթ» ռազմաբազային հասցված հարվածներից հետո Թիլերսոնի այցի հարցը օդում կախված էր, սակայն այն չչեղարկվեց․ կողմերը համարեցին, որ անհրաժեշտ է շարունակել երկխոսությունը։

Ինչպես նշում է Voice of America պարբերականը, հղում անելով ամերիկացի վերլուծաբաններին, անգամ ռազմական գործողությունից հետո Վաշինգտոնն անհրաժեշտ է համարում դիվանագիտական շփումները։ Ինչպես հայտարարում են ԱՄՆ պաշտոնյաները, երկրի թիվ մեկ դիվանագետը կոչ է անելու Ռուսաստանին վերանայել իր շարունակական աջակցությունը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին։

Reuters գործակալությունն էլ նկատում է, որ դիվանագիտական փորձ չունեցող նավթային ոլորտի նախկին պաշտոնյա Թիլերսոնը փորձելու է այնպես անել, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև տեղի չունենա նոր մեծ առճակատում՝ միևնույն ժամանակ, կորզելով որոշ զիջումներ Մոսկվայից։ Դրանց թվում է՝ Ասադի մոտ մնացած քիմիական զենքից ձերբազատումն է ու նրա վրա ճնշումը՝ Սիրիայի ապագայի շուրջ բանակցելու նպատակով։

Օրերս անդրադառնալով Թիլերսոնի՝ պետքարտուղարի պաշտոնում Մոսկվա առաջին այցին՝ ABC News-ը գրել էր, որ Ռուսաստանին անգամ փոքր զիջումների դեպքում Պուտինին «շռայլորեն գովերգած» Թրամփի ընդդիմախոսները նրան կմեղադրեն ՌԴ նախագահին պարտավոր լինելու մեջ։

Կայքը մեջբերում է պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաների, որոնք Թիլերսոնի կայանալիք այցը բնութագրում են որպես «հետազոտական» և միտված համագործակցության հնարավորությունների շոշափմանը։

Ընդհանուր առմամբ, թե՛ ռուսաստանյան և թե՛ ամերիկյան լրատվամիջոցները ռուս-ամերիկյան երկխոսության արդյունքում բեկում կամ արագ արդյունքներ չեն կանխատեսում՝ նշելով, որ տեսանելի ապագայում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև դժվար կայանա «մեծ գործարք»։

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել