Վրաստանի ԱԳ նախարարը հանդիպել է ՀՀ ղեկավարության հետ, այցելել Ծիծեռնակաբերդ

Վրաստանի ԱԳ նախարար Միխեիլ Ջանելիձեն երեկ պաշտոնական այցով ժամանել է Երևան։ Նա հանդիպումներ է ունեցել ՀՀ իր պաշտոնակից Էդվարդ Նալբանդյանի, վարչապետ Կարեն Կարապետյանի և նախագահ Սերժ Սարգսյանի հետ։

Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը անդրադարձ է եղել երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին, առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման, զբոսաշրջության ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող բազմաթիվ հարցերի։ Հանդիպումից հետո երկու նախարարները հանդես են եկել լրատվամիջոցների համար հայտարարություններով։

Միխեիլ Ջանելիձեն ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանը անդրադարձ է եղել տնտեսական համագործակցության ընթացքին, մասնավորապես կարևորվել է Իրանի հետ սահմանին Մեղրիի ազատ տնտեսական գոտու ստեղծումը, ինչպես նաև առաջիկայում Հայաստանում Վրաստանի բիզնեսի օրերի անցկացումը։

Վրաստանի արտաքին գերատեսչության ղեկավարին ընդունել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Զրուցակիցները փաստել են, որ հայ-վրացական հարաբերությունները դինամիկ զարգանում են՝ առկա է ակտիվ քաղաքական երկխոսություն, խորանում են տնտեսական հարաբերությունները և համագործակցությունը հումանիտար ոլորտում:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ «Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են, և մեր երկիրը շահագրգիռ է այդ բարիդրացիական հարաբերությունները տարեցտարի զարգացնել ու ավելի ամրապնդել»:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև բազմակողմ ձևաչափով փոխգործակցության զարգացման հնարավորություններին, ԵՄ հետ երկխոսությանն ու համագործակցության ծրագրերին, տարածաշրջանային խնդիրներին և մարտահրավերներին, ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացին: ՀՀ նախագահը և Վրաստանի արտգործնախարարը տարածաշրջանի զարգացման տեսանկյունից երկուստեք կարևորել են կայունությունն ու խաղաղությունը:

Ջանելիձեն շնորհավորել է Սերժ Սարգսյանին՝ Հայաստանում «միջազգային չափանիշներին համապատասխան» խորհրդարանական ընտրությունների անցկացման և Հայաստանի Հանրապետական կուսակցության հաղթանակի կապակցությամբ: