Վրաստանը հրաժարվում է խորհրդային Su-25-երից և հենվում դրոնների վրա

Վրաստանը ձերբազատվում է Su-25 խորհրդային կործանիչներից և դրանց փոխարեն հենվելու է մարտական ուղղաթիռների ու դրոնների վրա․ այսպիսի հայտարարություն, Democracy and Freedom Watch վրացական կայքի փոխանցմամբ, արել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան։

Նա պարզաբանել է, որ Su-25-ը համեմատաբար հնացած օդանավ է, որի պահեստամասերն արտադրվում են Ռուսաստանում։

Երեկ ելույթ ունենալով խորհրդարանում՝ Իզորիան ասել է, որ նախարարությունը ծրագրում է վաճառել Su-25-երն ու ստացված գումարով ձեռք բերել ուղղաթիռներ ու դրոններ։

Ներկայում վրացական օդուժում առկա է 12 ինքնաթիռ, մի քանի Mi-24 և Mi-8, ինչպես նաև ամերիկյան արտադրության Bell UH-1 Iroquois ուղղաթիռներ։

2015թ․ մայիսին Վրաստանը բացահայտել էր նոր անօդաչու ուղղաթիռ, որը հավաքել է վրացական Delta ընկերությունը։ DF Watch կայքը գրում է, որ դատելով լուսանկարներից, դա ամերիկյան RotorWay Exec ընտանիքի արդիականացված ուղղաթիռ է։

Delta-ն հիմնադրվել է 2010թ․ և ենթարկվում է Վրաստանի էկոնոմիկայի նախարարությանը։ Ընկերությունը արտադրում է մարտական մեքենաներ, հրետանի և այլ ռազմական տեխնիկա։

Մեկնաբանել